ՀԷՑ-ի պետականացման գաղափարը ծագել է Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարություններից առաջ։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ գրավոր հանձնարարականը եղել է վարչապետի կողմից՝ կա հստակ ամիս ու ամսաթիվ։
«Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան։ Այսինքն, երբ կառավարությունը որակական փոփոխություն ապահովելու համար նպատակադրվել է միջամտել ՀԷՑ-ում կառավարման համակարգին, դրանից բացի հասկանալի է եղել, որ որակական ցուցանիշները (մանավանդ անջատումները) այլևս այնպես են խախտված, որ նոր ներդրումների հնարավորության դեպքում պիտի համակարգն անջատվի, օրինակ՝ հենասյուն փոխվի, լար, ենթակառուցվածք կառուցվի։ Քննարկումները բերել են նրան, որ առնվազն 12,5 միլիարդ դրամ ՀԷՑ-ը տարվա վերջին ակտավորվելու է, սրան զուգահեռ հանրապետության վարչապետը մեկ ամիս ժամկետ է տվել խնդրի կարգավորման համար։ Այս ամենից 2–3 օր հետո քաղաքական ձեզ հայտնի հայտարարությունն է արվում»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ԲԷՑ-ին, Խուդաթյանն ասաց, որ Իրան–ՀՀ բարձրավոլտ էլեկտրական գծի շինարարական աշխատանքներն ավելի վաղ են մեկնարկել, աշխատանքների ձգձգումը ոչ միայն կառավարման, այլև շինարարական ընկերությունների խնդիրներով են պայմանավորված։
«Կա նաև գողության հետ կապված խնդիր՝ այդ ենթակայանից տրանսֆորմատոր է գողացվել։ Պետությունը ֆինանսավորել է նորերի բերումն ԻԻՀ-ից։ Պետք է ուրախությամբ ասեմ, որ ԲԷՑ-ի մեր գործընկերներն այնտեղ են եղել, արդեն փորձարկում են արել, առաջիկայում կուղևորվի Հայաստան։ ԲԷՑ-ը հսկայական կապիտալ աշխատանքներ է իրականացրել, այդ թվում՝ մի քանի ենթակայաններ են կառուցվել»,- շարունակեց Խուդաթյանը։
Նախարարը ԲԷՑ-ի աշխատանքը բավականին մեծ է որակում, թեև անթերի չի համարում։