Հրատապ լուրեր:

Ի՞նչ էր Օսմանյան կայսրության կողմից իրականացված դևշիրմեն` մանկահավաքը

Ի՞նչ էր Օսմանյան կայսրության կողմից իրականացված դևշիրմեն` մանկահավաքը

2015 թ. աշնանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի  է ունենալու միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհ դարձած երեխաների ողբերգական ճակատագրին:  Օսկանյան կայսրությունը ստեղծվեց և վերելք ապրեց միլիոնավոր երեխաների ողբերգության արդյունքում: Զանգվածային ոչնչացման և բռնի թրքացման քաղաքականությունը պետք է դառնար թրքական ազգաստեղծման և լայնածավալ կայսրության հիմնադրման անկյունաքարը: Սուլթանների կողմից կիրառվող դևշիրմեի` մանկահավաքի արատավոր սովորույթի հետևանքով տարբեր ժողովուրդների` հայերի, հույների, բուլղարների, սերբերի, վրացիների, ասորիների, ռումինների և այլոց բազմահազար մանուկներ բռնի անջատվեցին սեփական ընտանիքներից ու էթնիկ միջավայրից` թրքացվելու և օսմանյան զավթողական պատերազմների համար որպես գործիք օգտագործվելու նպատակով: Մանկահավաքը և օսմանյան թուրքերի կողմից կիրառված ստրկության երևույթը մարդկության քաղաքակրթության ամենաամոթալի էջերից են:

Պատմության մեջ դևշիրմե անվանմամբ  մտած մանկահավաքի կամ  մանկաժողովի  սկիզբ է համարվում Մուրադ I սուլթանի (1359-1390 թվականներ) ժամանակաշրջանը։ Նախապես կատարվել է 3 կամ 5 տարին մեկ անգամ, իսկ XVI դարից՝ յուրաքանչյուր տարի։ Բալկանյան երկրներում մանկահավքաները ավելի վաղ են կատարվել, քան Հայաստանում (1464 թվականից), ուր մանկահավաքներ համեմատաբար քիչ են եղել, քանի որ թուրքական կառավարությունն ի դեմս քրդական ցեղերի, այնտեղ ուներ հենարան։

20-րդ դարի սկզբին երիտթուրքերի ու քեմալականների կողմից իրականացված ցեղասպանության հետևանքով սպանվեցին կամ բռնի թրքացվեցին ավելի քան կես միլիոն հայ, հույն և ասորի երեխաներ: Թուրքիայի՝ քրիստոնյաների նկատմամբ իրականացված այս ցեղասպանությունը քսաներորդ դարի մեծագույն ողբերգություններից մեկն է և այն մարդկության ու քաղաքակրթության դեմ գործված սարսափելի ու տակավին անպատիժ մնացած հանցագործություն է: 

 

աղբյուր` Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջ