Արցախում արդեն պատրաստ է հայկական երկրորդ Մատենադարանի շենքը, եւ այն հանդիսավորությամբ կբացվի մինչեւ հոկտեմբերի վերջ,-«Արեւելքին» տեղեկացրեց Մատենադարանի շենքի կառուցման հովանավոր, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի տնօրեն Գաբրեիլ Ջամբարջին (Ջամբարջյան), նշելով, որ բացման օրվա մասին կհայտարարվի նախօրոք:
Նախաձեռնելով Արցախում հայկական երկրորդ Մատենադարանի հիմնումը` «Փյունիկ» հիմնադրամը նպատակ է ունեցել հայկական հնագույն բնակավայրում հավաքել եւ ցուցադրել Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում պահված բոլոր ձեռագրերը, որոնք ստեղծվել են Արցախում, մասնավորապես` Գանձասար վանական համալիրում, որը եղել է հայկական հնագույն գրչության կենտրոններից: «Պատահական չէ ընտրված վայրը` Գանձասարը, որտեղ կառուցվել է շենքը եւ որտեղ գործելու է Մատենադարանը»,-տեղեկացրեց Գաբրիել Ջամբարջին, ավելացնելով, որ դարավոր պատմություն ունեցող այդ համալիրում հայկական կարեւորագույն նման կենտրոնի բացումը եւ նույն կենտրոնում ստեղծված հնագույն ձեռագրերի ցուցադրումը եւս մեկ անգամ աշխարհին ապացուցելու է, որ Արցախը հայկական հող է:
«Փյունիկ» հիմնադրամը Գանձասարի Մատենադարանի շինարարության համար հատկացրել է 269 մլն. դրամ, սակայն ինչպես մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի տնօրենը, «Փյունիկը» պատրաստ է հետագայում նաեւ բոլոր միջոցներով աջակցել Մատենադարանի աշխատանքներին:
Գանձասարի Մատենադարանի ճարտարապետական աշխատանքների խորհրդատուն Արթուր Մեսչյանն է եղել, փորձ է արվել որոշ նմանություններ պահպանել Երեւանի Մատենադարանի համալիրի ճարտարապետությանը, նշեց Գաբրիել Ջամբարջին, կարեւորելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում նման կարեւորագույն հայագիտական կենտրոնի բացումը, ինչը եւս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը հրավիրելու է Հայաստանի եւ Արցախի վրա: