Նախկին ազատամարտիկ Սամվել Ներսիսյանը Հայաստանի անցած 25 տարվա իրադարձություններին հետեւել է… անկողնուց: Ուղիղ 25 տարի է` նա գամված է անկողնուն: 1990 թվականի հունվարի 15-ին Երասխավանի մարտերի ժամանակ, ծանր վիրավորվելով, դարձել է 1-ին կարգի հաշմանդամ, եւ հետագա կյանքը այն ժամանակ 44-ամյա տղամարդու, երեք երեխաների հոր համար դարձել է մղձավանջ...
Մեկ տարի հետո լրանալու է ազատամարտիկ Սամվել Ներսիսյանի 70-ամյակը: Նա հայոց նորօրյա շարժման համար մղված պայքարի առաջին վիրավորներից է եւ նաեւ նրա ու նրա նմանների առողջության եւ կյանքի գնով է սկիզբ առել ազգային ազատամարտը եւ կերտվել այսօրվա` թեկուզեւ հարաբերական խաղաղությունը: Թշնամու կրակահերթի ծանր հարվածից, զրկվելով շարժվելու հնարավորությունից, Սամվելը սկզբնական շրջանում չի զգացել իր վիճակի լրջությունը, ինչպես հիմա է ասում. «Երկիրն այնպիսի մի ճգնաժամային ու օրհասական վիճակում էր, ամեն օր տղաներ էին զոհվում, դաժան պատերազմ էր, անկախության առաջին տարիների դժվարություններն էին, որ այդ ամենի մեջ ես մոռացել էի իմ վիճակի ծանրությունը, անտարբեր էի, եւ նրանք, ովքեր մտահոգվում էին ինձնով, ասում էի` երկրի հոգսերով զբաղվեք»:
Անցել են տարիներ, եւ Սամվելի առողջական վիճակը գնալով ավելի է վատացել: Մարմնի ոսկրային հատվածն աստիճանաբար կրճատվել է, եւ այսօր նա ապրում է բազմաթիվ կոտրվածքներով` հաշտ ու մունջ իր ցավի հետ, անխոս եւ համակերպված. «Իմ ճակատագիրն էր, իսկ ճակատագրի հետ պետք է հաշտվել»,- ասում է Սամվել Ներսիսյանը:
Երեւանում ծնված եւ մեծացած Սամվել Ներսիսյանը խորհրդային վերջին տարիներին բնակվելիս է եղել Հայաստանից դուրս: Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստան է եկել` օգնելու աղետյալներին: Կինը պատմում է, որ 88-ի Նոր տարուն ամուսինն արգելել է տոնական սեղան պատրաստել, այնուհետեւ հետագա տարիներին հայ ինքնապաշտպանական ջոկատների կազմում մասնակցել է Երասխավանի մարտերին. «Զենք էի տանում, մի անգամ էլ դրանից առաջ էի վիրավորվել, բայց թեթեւ էր, այդ օրվանը ճակատագրական եղավ»,-հիշում է Սամվել Ներսիսյանը: Վազգեն Սարգսյանի` Սամվելին տրված մի տեղեկանքի մեջ նշված է, որ նա վիրավորվել է հատուկ մարտական գործողության ժամանակ: «Կան բաներ, որոնց մասին նույնիսկ այսօր` տարիներ հետո, չեմ խոսում: Այն ժամանակ համախմբված էինք, եթե պետք էր` զենք տանել, տանում էինք, առանց աղմուկ հանելու: Այն ժամանակ հաղթանակին հավատացողները շատ էին, իսկ այսօր մի բան հաստատ գիտեմ` ազատամարտը, պայքարը շատ էժանացվեց, շատ բաներ մոռացվեցին, շատ մարդիկ մոռացության մատնվեցին եւ ի հայտ եկան անձեր, ովքեր այդ պայքարի հետ կապ չունեն, բայց այսօր կարող են խոսել թե' հաղթանակից, թե' դժվարություններից»,-ասում է Սամվել Ներսիսյանը, նշելով, որ մեծ ցավ է ապրում տեղի ունեցող հոռի երեւույթների եւ անարդարության համար:
Նրա մարմնի ամեն մի կոտրվող ոսկորի հետ հոգու ներսում տարիների ընթացքում մարել է հույսը, ասում է, որ այսօր ոչնչի այլեւս չի հավատում եւ միակ հույսը, որ իրեն տալիս են` թոռնիկներն են` պայծառ աչուկներով մանուկները, ովքեր թռվռում են պապի անկողնու մոտ` առանց հասկանալու, թե ինչո՞ւ իրենց պապիկը միշտ պառկած եւ հայացքն անվերջ առաստաղին է հառած: Սամվելը անկողնուն գամված հասցրել է ամուսնացնել երեք երեխաներին. այսօր նրա հետ է ապրում որդու ընտանիքը: Վեց հոգանոց ընտանիքը գոյատեւում է Սամվել Ներսիսյանի հաշմանդամության թոշակով եւ որդու չնչին աշխատավարձով. «Իմ եւ իմ նման շատերի մասին մոռացել է պետությունը: Մի արտոնություն էր տրված հաշմանդամ ազատամարտիկներին` կոմունալ վճարների զեղչերը, այն էլ վերացրին: Ամեն ինչի համար վճարում ենք` ինչպես բոլորը: Կինս չի կարող աշխատել, 25 տարի է` իմ խնամակալությամբ է զբաղված: Մենք ողորմություն չենք ուզում, պարզապես ուզում եմ երկրում օրենք լինի իմ ընտանիքի նման ընտանիքների համար: Մենք պատերազմոմ կորցրեցինք շարժվելու, աշխատելու ունակությունը, մեր ընտանիքի անդամներն էլ գամվեցին մեր անկողնու կողքին, իբրեւ խնամակալներ, եւ զրկվեցինք գումար աշխատելու, ընտանիք պահելու հնարավորությունից: Ոչ ոք չի տեսնում, որ սա մեծ խնդիր է»,-ասում է Սամվել Ներսիսյանը: Խոստովանում է, որ միակ լուրջ օգնությունն այս տարիների ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի օժանդակությունն է եղել:
Թվում է` իսկապես պետական մարմինները մոռացել են Երեւանի ծայրամասային հասցեներից մեկում` 17-րդ թաղամասում ապրող այս բազմանդամ ընտանիքի մասին: «Մենք քաղաքի կենտրոնում էինք ապրում, երբ Սամվելը վիրավորվեց, հարուստ էինք, բնակարաններ ունեինք, վաճառեցինք, ամբողջ գումարը ներդրեցինք նրա բուժման համար, բայց, փաստորեն, չբուժվեց եւ ընտանիքը սնանկացավ»,-ասում է կինը` Հասմիկը: Նա հիշում է, որ արտադրամասեր ունեին, որոնց շահույթից ստացած գումարով ամուսինը օգնում էր սահմանային կռիվների մասնակիցներին. «Նա միշտ տաքարյուն էր եւ պատվախնդիր, որտեղ իր օգնության կարիքը կար, առաջ էր նետվում: Չգիտեմ` ճի՞շտ էր անում, թե՞ չէ: Այսօր, փաստորեն, կորցրեց իր առողջությունը, կորցրեց իր ունեցվածքը եւ մնաց մենակ»,- երկու տասնամյակից ավելի ամուսնուն խնամող կնոջ խոսքեր են: Չափազանց համեստ այս ընտանիքը օժանդակության համար չի դիմել պետական ատյանների: Միակ խնդրանքը` շենքի հարեւանությամբ փոքր հողակտոր ձեռք բերելն է եղել, որը մոտ 10 տարի առաջ մերժել է քաղաքապետարանը «Հողհատկացումներն ավարտված են» գրությամբ: Այդ դեպքից հիասթափված` ընտանիքն այլեւս չի դիմել ոչ մի տեղ: Մերժման գրությունը, իբրեւ ամոթի խարան, Հասմիկ Ներսիսյանը պահում է ամուսնու զինվորական, բժշկական թղթերի տրցակի մեջ: Իսկ գրությունները, փաստաթղթերը, տեղեկանքները բազում են` բոլորը վկայում են Երասխավանի մարտերի ժամանակ ծանրագույն հարված ստացած Սամվել Ներսիսյանի կորսված առողջության մասին: Բժիշկները ապշել են, թե ինչպես է նման ծանր հարվածից հետո նա կենդանի մնացել: «Սկզբնական տարիներին մի քանի հիվանդանոցներոմ անօգուտ տանջվելուց հետո ի վերջո ծանր հաշմանդամութուն ձեռք բերեցի: Արտասահմանցի պրոֆեսորներն ասում էին, որ առաջին վիրահատությունը կոպիտ եւ սխալ է կատարվել, ինչն էլ նպաստել է հաշմանդամության խորացմանը: Այն վատ տարիներին, երբ ջուր չկար, մութ էր, անթողություն էր, որտեղի՞ց մեր բժիշկները կարող էին իմանալ միկրովիրաբուժության առաջընթացի մասին եւ այն կիրառել Հայաստանում»,-ասում է Սամվել Ներսիսյանը,- «Այսօր իմ բժիշկն արդեն ես եմ: Ինձնից լավ բժիշկ չկա, սովորել եմ` ինչ անել, ինչպես կառավարել իմ առողջությունը»,-ավելացնում է մեր զրուցակիցը: Մշտական պառկած վիճակը նրա մոտ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ է առաջացնում, եւ Սամվելը վերջերս հաճախ է զգում բժշկական շտապ օգնության կարիքը: Երբեմն նաեւ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն է ծագում, բայց Հասմիկ Ներսիսյանը հիշում է, որ երկու տարի առաջ հիվանդանոցում ինչպես են բուժօգնության համար գումարներ գանձել ընտանիքից, ինչը վիրավորանք է առաջացրել, եւ այսօր ընտանիքը տնային պայմաններում է իրականացնում առաջին շտապ բուժօգնությունը` արյան ճնշման տատանման եւ այլ հարցերի դեպքում: Դեղորայքը ձեռք են բերում պարտքով. ոչ մի բժշկական արտոնությունից չեն օգտվում:
«Հրաշքների հավատո՞ւմ եք»,-Սամվել Ներսիսյանի հետ զրույցից հետո անհույս մի հարց տվեցի մեր հանդիպման վերջում: Եւ ծայրաստիճան կոտրված, հուսահատ, ծանր օրերով անցած մարդուց, զարմանալիորեն դրական պատասխան լսեցի. «Այո: Միայն հրաշքների եմ արդեն հավատում: Իմ կյանքում եղել է երկու հրաշք: Այն, որ ես շատ ծանր հարվածի արդյունքում, երբ բոլորը կտրել էին հույսները, կենդանի մնացի, եւ երկրորդը` մի քանի տարի առաջ անգիտակից վիճակում պառկած էի, նորից բոլորը հույսները կտրել էին, ինձ մոտ եկավ Երուսաղեմից մի հայ կրոնավոր, աղոթեց եւ աղոթքից հետո ես լավացա»,-ասում է Սամվել Ներսիսյանը:
Հաճախ են մանկության պատկերները այցելում Սամվել Ներսիսյանին: Մանկության հուշերում նա վազում է անհագորեն, եւ այսօր, 70-ամյակին մոտեցող տղամարդու միակ ցանկությունը մանկությունից մի կտոր վերադարձնելն է...