image

Հեռագիր Անգլիայից (ցավակցական). Լավագույնները հեռանո՞ւմ են

Հեռագիր Անգլիայից (ցավակցական). Լավագույնները հեռանո՞ւմ են

Համարյա երկու շաբաթ է, ինչ մտքումս Մարիա Սահակյանի մահն է. ազդել է վրաս: Երեսունյոթամյա ռեժիսորն ու սցենարիստը, որ կայացել էր Ռուսաստանում, ուր ընտանիքով տեղափոխվել էր դեռահաս տարիքում, քաղցկեղ ուներ: Նաև ուներ հինգ երեխա, մայր, ամուսին, հարազատներ ու բազում ընկերներ:

Շատ երիտասարդ տարիքում անուն էր հանել ռուսական կինեմատոգրաֆում, ուր իբրև առաջին սերնդի «կովկասցի» տասը տարուց ավելի աշխատում էր՝ վերջին շրջանում Հայաստանում բնակվելով: Բայց ես, բախտի բերմամբ, նրան հիշում եմ դպրոցական տարիքից. բարեկամներ ունեին տատիկենցս ներքևի հարկում ու հաճախ հյուր էին գալիս իրենց: Վայրի մազերով ուրախ երեխա էր արվեստագետների ընտանիքից, որ իր տարիքից հասուն խոսք ու միտք ուներ, պարզ երևում էր: Առանձնապես չենք խաղացել միասին, քանի որ նախ տարեկից չէինք, համ էլ մենք  միայն հանգստյան օրերին էինք Երևան գալիս...  բայց մոտս տպավորվել են իր ցայտուն լրջությունն ու ազատությունը:

2014-ին, երբ կրթական նախագծիս համար ռեժիսոր էինք փնտրում, ու ինքն արդեն հայտնի էր, կապ հաստատեցի: Ամպրոպի պես արագ ու աղմուկով լծվեց քննարկմանը, լուծումներ էր առաջարկում, բայց ցավոք ոչինչ չստացվեց. մանկական ներկայացում բեմադրելն ավելին էր նստելու մեզ վրա, քան ի վիճակի էինք մեզ թույլ տալ: Էդպես էլ չաշխատեցինք միասին, թեև շատ ոգևորված էր առաջին անգամ երեխաների հետ թատրոն ստեղծելու հեռանկարով:

Մահվան մասին լսելուց ի վեր մտածում եմ, թե ինչքան մեծ անձնական ողբերգություն է՝ առաջին հերթին իր, հետո նշածս ընտանիքի անդամների համար: Բայց նաև, ու սա գուցե չնչին իսկ սփոփանք է վերջինների համար, թե ինչքան սիրով լիքը կյանք է ապրել, լիաթոք. երեխաները, կինոն, ընկերները, Հայաստանը:

Թարմացնում եմ հիշողությունս. Հայաստանից տեղափոխվել է Մոսկվա տասներկու տարեկանում, ինչը և խորը հետք է թողել վրան: Ինքը սիրում էր Երևանը ոչ միակողմանի հիացական սիրով, այլ թերացումները նկատող հարազատի պես, որ մաշկի տակ է առել էդ սերն ու քոր կգա, բայց էլ չի ազատվի: Ապահով էր զգում էնտեղ, ասում է, հանգիստ, բնական ու ինքնաբավ: Ախր ինքն էր էդպիսին:

Հարցազրույցները նայում, կարդում ու մտածում եմ, որ մարդն ինքն իրեն հարազատ է մնացել: Այն հարցին, թե որո՞նք են լավ ֆիլմի իր չափանիշները, պատասխանում է, որ մեկն է՝ ազնվությունը, ու ֆիլմը կարող է լինել թայլանդական թեթև կամ ամերիկյան էժան, միայն թե ազնիվ լինի: Պարզ, անբռնազբոսիկ իր խոսքով, կոտրտված հայերենով պատմում է, որ ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում Մոսկվա, քանի որ Հայաստանում կինոյի շուկա գրեթե չկա: Լսում ես ու պատկերացնում բազմազավակ մայրն ու տարատեսակ ճամպրուկները՝ տեխնիկա ու տաշտակ շալակին... Բայց համ էլ ինչքան թեթևություն ու լավատեսություն կա Թումոյի ուսանողների մասին խոսելիս, կամ երբ ասում է, որ նորմալ է, հայ ռեժիսորները միշտ էլ հայրենիքից դուրս են գործել, ասենք Փարաջանովն ու Փելեշյանը:

Ասում է, թե կինոն մարդու տանում է, ամբողջությամբ պիտի տրվես բայց ախր հինգ երեխա հավանաբար նշանակում է՝ դրան էլ է տրվել, ու բազում ռուս ընկեր-գործընկերներն էլ էդ մշակույթին տրվել կարողանալու նշան են, այսինքն էդ տեսակն էր: Իսկ դա ազգություն չունի: Ու անընդհատ ափսոսում եմ ու ապշում, թե ոնց կարող է էսքան ջահել, էսքան հասուն, բայց և էսքան մանկական ու ընթեռնելի, էսքան իր արմատները սիրող ու էսքան լայնախոհ: Ասում է, թե Ալավերդին շատ հետաքրքիր քաղաք է (դա միայն դրսի աչքերով կարելի է գնահատել), ու ինքն ուզել է ռուս դերասաններին բերել, որ Հայաստանում նկարահանի (սա էլ միայն «ներսի» հավատարմությամբ կարելի է նախաձեռնել), քանի որ կինոբնագավառի ենթակառուցվածք չկա, ինչն իրենց աշխատանքը դժվարացնում է:

Մեզ՝ հանդիսատեսին, իհարկե, էգոիստաբար հետաքրքրում է «հանրային օգուտը» որ կարող էր շարունակել բերել Սահակյանը՝ հեղինակային ֆիլմեր նկարելով Հայաստանում կարոտի ու կորստի մասին,  մրցանակներ միջազգային կինոփառատոններից: Մենք, անկասկած տաղանդավոր մեր հայրենակցով կորցրինք հպարտանալու պոտենցիալ առիթներ:

Ի՞նչ  նկատի ունենք, երբ ասում ենք, թե մարդն ափսոս է էդքան երիտասարդ մահանալու համար: Երեսունյոթը «տարիք չէ», իսկ, ասենք, քառասունհի՞նգը, հիսունի՞նը, վաթսունվե՞ցը: Իսկ ի՞նչ ենք ուզում ասել տաղանդավոր ստեղծագորրծ հայրենակցի մահանալու համար ցավալիս. որ էլի՞ ֆիլմ կնկարեր, մեզ նվեր մրցանակ գավաթնե՞ր կբերեր: Բա քանի՞ աշակերտ կունենար, քանի՞ հոգու վրա կազդեր, որոնք հետո այլևայլ լավ բաներ կանեին: Ավելի շուտ չենք պատկերացնում, թե ոնց կարող է մարդ ինչ-որ մի րոպեի լինի, մեկ էլ ու չլինի, գնա, ու՝ ու՞ր է կորելու էդ ոգին, սերը, մղումներն ու երազները: Ախր ի՛ր չէ, նյո՛ւթ չէ, բա՛ն չէ, շու՛նչ է:

Մի բանի հավատում եմ, որ արտիստն իր ստեղծած արվեստից առանձին է, այսինքն նկարչին մի դատիր, այլ իր գործը, այսինքն անհատական որակները կապ չունեն ստեղծագործության որակի հետ: Բայց մենք էմոցիոնալ կենդանիներ ենք, ու զատելը դժվար է, գումարած՝ մեր հայրենի աշխարհը խիստ փոքր է, Մաշայի ֆիլմերն էլ հեղինակային, ուրեմն կերտողի հետ կերտածի կապն անքակտելի է: Եվ կերտողի կերպարը, որ իրեն հարազատ թեմաները դնում էր ամենատես տեսախցիկի տակ ու զննում ոչ շաբլոն ոճով, լուսավոր շողք է գցում կերտածի վրա: Ուզեցի նայել իր բոլոր ֆիլմերը, որովհետև իր կերպարն ուզեցի լավ ճանաչել: Ու հակառակը, ֆիլմերի մասին պատկերացում ունեմ, քանզի իրեն քիչ թե շատ տեղն եմ բերել:

Ես չեմ հավատում հետմահու կյանքին, բայց գլխումս չի տեղավորվում նաև ոչնչությունը, զրո շարունակությունը, հեչ ոչ մի իմաստը, մթությունն ու դատարկությունը: Ի՞նչ էր ուզում ասել պատերազմի մասին այս կինը, իսկ հայրենիքից հեռանալո՞ւ մասին, բա հոր կորստի՞:

Մի բանի էլ չեմ հավատում, որ ասում են թե Աստված լավագույններին է տանում: Ուրեմն բոլոր վատերո՞վ ենք մնացել: Էլ չեմ ասում, որ վստահ չեմ, թե Աստծուն էլ եմ հավատում: Բայց լավերի կորուստը մեծ է, որովհետև մեծ է նրանց չունեցած բայց ունենալիք ազդեցությունը, կարևոր է նրանց չտեսնված ու տեսնվելիք տեսանկյունը՝ մեր ապրած աշխարհի, կյանքի մասին: Տեսնես է՞լ ովքեր ու է՞լ ինչեր էին հասկանալու իրենք իրենց մասին նրա չնկարած կադրերից, քթներիս տակ է՞լ ինչեր էինք նկատելու, որ կուրորեն շրջանցել ենք:

Տեսնես՝ ինքն ի՞նչ հասկացավ վերջում, որ չէր հասկացել մինչ այդ՝ իր տարիքից վաղ հասունացած Մաշան: Մի բան պարզ է. ցավ ուներ, հարց ուներ, «որդ» ուներ, «բզեզ» էր: Պիտի քչփորեր, գրեր, ջնջեր, նկարեր ու կտրեր, ցույց տար ու իր սրտից հաներ, հինգ երեխուն ծնունդ տար, հինգ ֆիլմերը ցուցադրեր: Ոչ մի դեպքում իզուր չէր:

Ի՞նչ է մնում մեզ/իրենց. հուշե՞ր, ֆիլմե՞ր, գիժ մազերով խելառ աղջկա պատկեր, որ արագ-արագ մեծացավ ու շրխկոցով ապրեց, որ հասցնի, ու որ իսկի ինքն իրեն չդավաճանի:


Լուսանկարը՝ Մարիա Սահակյանի ֆեյսբուքյան էջից


Նանե Վ Հ

Նանե Վ Հ

Նանեն իրեն համարում է հիբրիդ և ձգտում լուսաբա...