image

Նոթեր Անգլիայից. Իսկ դուք լավ ուիքենդ ունեցա՞ք

Նոթեր Անգլիայից. Իսկ դուք լավ ուիքենդ ունեցա՞ք

-Դե քեզ, լավ ուիքենդ, բաաայ:

...- Ո՞նց անցավ ուիքենդդ:

Ուիքենդը (շաբաթ-կիրակի հանգստյան օրերը) սուրբ է: Այն սահման է՝ մի կողմից խելագար աշխատանքային շաբաթվա, ինքնազոհաբար գործի ու երեխաների միջև «պատռվելու», և մյուս կողմից՝ հաշվետվությունից զուրկ, շռայլություններին անձնատուր լինելու: Թուլացի՛ր, և ուիքենդն ամեն ինչ իր տեղը կգցի:

Իրականում, պարտադրված հաճույքը նույնքան լարող է, որքան ստիպված լարվածությունը: Իմ դեպքում, ռելաքսացիա (հատկապես խմիչքով՝ փաբում)  ոգեկոչել, պուրիտանիս մոտ չի ստացվում: Հիմա հասկացել եմ՝ ձևը կապ չունի, էնքան որ «հանգիստ» լինի:

Էս շաբաթ (կիրակին զբաղված է, տես ներքևում) հանգստի ժամիս ուղեկիցը ԲիԲիՍի-ն է. մի քանի հետաքրքիր հաղորդում բաց եմ թողել՝ հիմնականում Ռուսաստանի հետ կապված (Հայաստանի հետ կապվածները խիստ սակավ են): Հայրենիքիցս ստացած ազդեցություններից մեկն է ռուսաֆիլությունը՝ ո՛չ քաղաքական ռուսամետւթյուն, այլ ռուսական մշակույթի հանդեպ սեր: Ես ավարտել եմ ռուսական դպրոց, ուր սովորել եմ հաճույքով ու հաջող: 90-ականներին, ժամանակներին համընթաց, այդ գերվածությունը թոթափեցի, ու համալսարանը նույնպես հաջող, բայց հայերենով ավարտեցի: Հետո եկան անգլահպատակությանս առաջին տարիները. Ռուսաստանը ո՛չ Արևմուտքի համար էր կարևոր, ո՛չ էլ իմ աչքերում՝ էկզոտիկ: Խորացել էի  Քառակուսու կյանքի մեջ:  Բայց «մեղրամիսն» Անգլիայի հետ վերջացավ, ու ես վերակենդանացրի ռուսական մշակույթի հետ կապս, ուղղակի արդեն քառակուսիավարի: 

Հա, ԲիԲիՍի-ի փոդքաստն եմ լսում: Ռադիո 4-ի Գրքի Ակումբ (Bookclub) հաղորդաշարի հերթական հյուրը ճամփորդական գրքերի հեղինակ Քոլին Թուբրոնն է (Colin Thubron)։ Ստուդիայում ընթերցողները հարցեր են տալիս նրա «Սիբիրում» գրքի մասին։ Ելցինի նախագահության ժամանակ, 1990-ականներին, նա ուղևորվել է Սիբիր՝ ուսումնասիրելու այդ դաժան, հսկայական հողակտորը, ինչի արդյունքում գրել է գիրքը։

ԲիԲիՍի-ի հանդիսատեսը ապշած է, որ Գուլագների զոհերին նվիրված թանգարան չկա, ու 1 միլիոնից ավելի հալածված աքսորյալների ոսկորները էդպես էլ ցրված մնացել են, որը՝ որտեղ:

Ընթերցողներից մեկը մեջբերում է գրքից մի հատված: Այնտեղ իրական հերոսներից երկուսն են՝ մայր ու տղա: Հեղինակը հարցնում է, թե այժմ, երբ կոմունիզմին այլևս չեք հավատում, ի՞նչ գաղափարախոսություն է եկել դրան փոխարինելու։ Երկուսն էլ իրենց տարբեր սերունդների անունից վստահաբար պատասխանում են, որ որևէ բանի էլ մարդիկ այլևս չեն հավատում, ոչնչի՛։ Կոմունիստական մտացածին գաղափարներին եկել է փոխարինելու… վակուումը: ԵՊՀ դասախոսիս եմ հիշում, որ ասում էր. «Գաղափարական արժեհամակարգ չունեցող հասարակությունը, ուր մարդիկ որևէ բանի չեն հավատում, կոչվում է ցինիկ»... Էլի որ, ցինիզմը հենց դա է՝ մեզանում ասում են «սրբություն» չունենալը:

Կարծեմ հենց սա էր ասում Խորիկը: Երբ Հայ-ՖՄ-ում դիջեյ էի աշխատում, բախտ վիճակվեց Խորեն Աբրահամյանին հյուրընկալել առավոտվա եթերիս: Հայաստանի գործերը լավ չէին. հոկտեմբերի 27-ից շատ չէր անցել, օդում մելամաղձոտ, հոռետեսական տրամադրություն էր: Զրույցի արանքում երաժշտություն էինք լսում. «Սպարտակի և Ֆրիգիայի Ադաջիո»-ն էր «Սպարտակ»-ից, մեկ էլ Բեթհովեն խնդրեց, մյուսները չեն տպավորվել: Ադաջիոյի ավարտից հետո մեր խոսափողները միացան, բայց ինքը լուռ էր՝ ծանր շնչառությունը լսելի: Հոգոց հանեց ու մենախոսել սկսեց. ասածն էն էր, որ ա՛յ, մարդ պիտի իր «երգն» ունենա, իր ասելիքն իմանա, ինչպես և ազգը` իր մուրազը: Ընտրելուց հետո «երգը» բարձրաձայնելը խաղուպար կլինի: Տեսե՛ք, Բեթհովենը խուլ էր, բայց քանի որ իր առաքելությունը գտել էր, նույնիսկ լսողության կորուստն իրեն չէր խանգարել:

Պիտի հարցրած լինեի, թե անհատի ու ազգի միջև հավասարության նշան դնելը ճի՞շտ է արդյոք, և  մեկ էլ, իր կարծիքով ո՛րն է հայերիս «երգը»: Երևի չգիտեր, բայց հավատում եմ, որ փնտրել պետք է, հաստատ. խոսել, պրպտել, բզբզալ, քանի որ այլապես հա՛մ կկորցնենք մեզ հա՛մ ցինիկ կդառնանք: 

«Զիլ» շաբաթօրյակս լցրած ծանր ու տխուր մյուս թեման Աննա Ախմատովայի մասին հաղորդումն էր, որ պատմում է  պոետի անձնական ու գրողական կյանքի մասին: 1930-ականներին, իր ամուսնու գնդակահարությունից հետո, Ախմատովան մոտ տարիուկես հերթերի մեջ է անկացնում՝ ԿաԳեԲե-ի կողմից բանտարկված իր որդուն ամեն օր այցելելու հույսով: «Ռեքվիեմ»-ը, որ երկարաշունչ պոեմ է ստալինյան ռեպրեսիաների մասին, գրողի ընկերների կողմից անգիր է արվել մաս-մաս, հետո այրվել, որ չհայտնաբերվի գրավոր տեսքով, ու ի վերջո լույս տեսել 60-ականներին:

Տառապյալ կին ու մայր լինելուց բացի, նա արկածախնդիր արվեստագետ է եղել, ու հայտնի պոետ դառնալուց առաջ՝ երիտասարդ Մոդիլիանիի  սիրուհին: Քսաներորդ դարի սկզբին նորապսակ Ախմատովան ամուսնու՝ Գումիլյովի հետ որոշ շրջան Փարիզում է ապրում, որտեղ բոհեմի ջահելներից էր ծննդով իտալացի Ամեդեո Մոդիլիանին: Սիրավեպից մնացել են նկարչի էսքիզներն ու գրողի բանաստեղծությունը: Էս հաղորդումներն ինձ տանում են ուղիղ դպրոց՝ լրացնելու անխուսափելի բացերը:

Հայաստանից դուրս բնակվողիս համար, ենթադրաբար հայաստանաբնակ ընթերցողին ուղղված հոդված գրելու ամենամեծ դժվարությունը հոգեբանական է. մեզ բաժանող տարածությունն ինձ զրկում է ձեր իրականության մասին հստակ պատկերացումից։ Լսում եմ ու մտածում, որ կգրեմ սրա մասին, բայց Ռուսաստանն էնքան մոտ է թվում էդտեղից, որ երևի էկզոտիկ էլ չի...

Բայց այդ տարածությունն արժե փորձել հաղթահարել: Նախ, աշխարհագրական ընդհանուր տարածք ունենալը չի նշանակում, աշխարհը միանման տեսնել, և հակառակը, աշխարհագրական ընդհանուր տարածքից զուրկ լինելը ավտոմատ չի ենթադրում ընդհանուր բան չունենալ: Հո ամեն հայաստանցի մյուսի իրականությունը հստակ չի՞ պատկերացնում: Կամ էլ ամեն սփյուռքահայ հո նույն կյանքով չի՞ ապրում: Ինչպես օրինակ մեր հայրենակիցը, ում մասին իմացա անսպասելիորեն, կիրակի օրը:

Դստերս ծննդյան քեֆն էր դասընկերների հետ՝ մեր տանը: Զվարճացնողը ուսուցչուհի է, որ ուիքենդին փարթիների իր բիզնեսն է աշխատեցնում: Փարթին վարում էր ավագ դպրոցական իր աղջկա հետ: Ուիքենդն, իհարկե, սուրբ է, բայց դստեր մասնավոր դպրոցի վարձը պետք է փակել, իսկ ինքը միայնակ մայր է: Իր նախկին ամուսինը՝ մեծի հայրը, պարզվեց, հայ է, որին ծնողներն Իսլամական հեղափոխությունից հետո Իրանից փախցրել են Հնդկաստան, հետո՝ Բրիտանիա: Հայրը գրեթե բացակա է եղել կյանքերից, ու երեխան դեռ նեղացած է, բայց ինքը շատ կուզեր, որ աղջիկն իր հայկական ժառանգությունն ընդունի, հիշի ու սիրի, Հայաստան այցելի ու հայերեն սովորի:

Էս անսպասելի մերձեցումից հետո անցնում է գործի ու երկու ժամ շարունակ, տասներեք ինը տարեկանների զբաղեցնում է լրտեսական թեմայով խաղերով՝ դեռահաս աղջիկն էլ՝ որպես իր աջ թև: Հրաժեշտ տալիս, ասում եմ՝ կեցցե, որ հանգստյան օրով առավոտ շուտ վեր է կացել ու առանց տրտնջալու աշխատեց: Ասում է. «Բա ո՞նց, եթե ուզում է վճարովի դպրոց գնալ, ուրեմն պիտի ինձ օգնի»:

- Դե, Ձեզ լավ ուիքենդ, բաաայ:

Նանե Վ Հ

Նանե Վ Հ

Նանեն իրեն համարում է հիբրիդ և ձգտում լուսաբա...