image

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ Ռումանիոյ հայոց թեմից ներս

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ Ռումանիոյ հայոց թեմից ներս

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ռումինահայությունն այս օրերին իր աղոթքի ձայնը միացրեց համայն աշխարհի հայության ձայնին՝ միասնաբար ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին:

Ապրիլի 23-ին, Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ մատուցվեց սուրբ պատարագ, հավարտ որի Տաճարի բակում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված խաչքարի առջև կատարվեց սրբոց նահատակաց բարեխոսական կարգ, որին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հոգևորականաց դասը:

Բարեխոսական կարգի ավարտից հետո ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև: Սրբազան Հայրն իր պատգամը հղեց ներկաներին, խոսեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության, հայոց վերածննդի, ազգային ոգու և գաղափարախոսության, համազգային միասնականության մասին, անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կատարած հսկայածավալ աշխատանքին՝ մասնավորապես նշելով. ,, Այսօր աշխարհասփյուռ հայությունը հիշում և դատապարտում է 108 տարիներ առաջ կատարված զազրելի ոճրագործությունը: 1915թ. ապրիլ 24: Հայ ժողովրդի պատմության մեջ անմոռանալի թվական պիտի մնա: 108 տարիներ առաջ խաղաղ ու ստեղծագործ մի ժողովուրդ կոտորածի ու ջարդի ենթարկվեց, ավելի քան մեկ ու կես միլիոն հայեր մարտիրոսացան, և արդեն շուրջ 108 տարի աշխարհասփյուռ հայությունը, միջազգային և հասարակական-քաղաքական հարյուրավոր կազմակերպություններ բարձրաձայնում են այս ոճրագործության մասին և պայքարում հանուն ճշմարտության ու արդարության հաստատման: Եվ այս պայքարում իր հսկայական դերակատարությունն ունի Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, որի ջանքերի շնորհիվ մի շարք կրոնական կառույցներ ու հատկապես Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես են եկել դատապարտող հայտարարություններով: Կարևոր են հատկապես եկեղեցիների համաշխարհային խորհրդի 1983թ., ապա 1989թ. ընդունած բանաձևերը, որոնցով ճանաչվում է նաև սփյուռքահայերի` պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը բարձրացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցը: 1984 թ. ԵՀԽ-ն հրապարակել է «Հայաստան. շարունակվող ողբերգություն» անունը կրող փաստաթուղթը, որը նպաստեց հայ ժողովրդի պատմության և վերապրած ողբերգության ճանաչմանը: Միջազգային հարցերով Եկեղեցիների հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում` հենվելով վերջինիս «Ցեղասպանություն ոճրագործության կանխման և հատուցման հարցի վերանայված և թարմացված զեկույցի» վրա: Ինչպես նշվել է 2005թ. ԵՀԽ-ի Կենտրոնական կոմիտեի հանդիպման ընթացքում, ԵՀԽ-ն հավատացած է, որ «քրիստոնեական տեսանկյունից դեպի արդարություն և համերաշխություն տանող ճանապարհը պահանջում է այն հանցանքի ճանաչումը, որն իրագործվել է, որպես հիշողությունների դարմանման և ներման հնարավորության համար անհերքելի պայման: Ներել նշանակում է ոչ թե մոռանալ, այլ հետադարձ հայացք նետել` արդարությունը, մարդկային իրավունքների հանդեպ հարգանքը և ոճրագործների ու զոհերի միջև հարաբերությունները վերականգնելու նպատակով»: 2005թ. ապրիլի 15-ին Եվրոպական եկեղեցիների նախագահությունը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես եկան համատեղ հրապարակային հայտարարությամբ` հրավիրելով բոլոր անդամ Եկեղեցիներին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր դարձնելու: ԵԵԿ-ի նախագահությունը հետագայում Թուրքիայի կառավարությանը կոչ արեց հայ և թուրք ազգերի միջև հաշտեցման գործընթաց սկսելու, որտեղ մեղքի գիտակցումն ու ճշմարտության հռչակումը անբաժանելի տարրեր պիտի լինեն: Թերևս դարակազմիկ իրադարձություն էր Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցված սուրբ պատարագը և ելույթը` նվիրված Հայոց Ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերին: Հաջորդ պատմական իրադարձությունը 2015թ․ ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց Ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ նահատակների սրբադասման հանդիսավոր արարողությունն էր, որին մասնակցեցին մի քանի տասնյակ երկրների պետական ու կրոնական ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մոտ մեկուկես միլիոն հայերի հիշատակը անմար է հայ ժողովրդի հիշողության մեջ ու սրտում: Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խոնարհվում է իր նահատակների հիշատակի առջև, ովքեր զոհվեցին միայն այն պատճառով, որ հայ էին և քրիստոնյա: Թող Ամենակարող Աստված մեր մեջ զորացնի անմահության գիտակցությունը, որ հպարտորեն կանգնենք ու ասենք, որ երբ փորձում են հային սպանել, հայն անմահանում է,,:

Այնուհետև Ռումանիոյ հայոց թեմի և Ռումանիոյ հայոց միության համագործակցությամբ ,,Հովսեփ և Վիկտորիա Դուդյան,, մշակույթի տանը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես և հատուկ հրավիրյալ տիար Ավետիս Հաջյանի ,,Secret Nation,, գրքի ներկայացումը հեղինակի կողմից, նվիրված Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող իսլամացած հայերին և նրանց հետնորդներին, իսկ տաճարի պարսպի վրա նախապես տեղադրվել էին պաստառներ, որոնց միջոցով ոչ միայն տեղի հայությունը, այլ նաև քաղաքի բնակչությունը և անցորդները հնարավորություն ունեին հաղորդակցվելու հայոց պատմության մռայլ և ծանրագույն էջերից մեկին։

Առաջնորդարանի հովանու ներքո գործող ,,Լույս,, մանկական կենտրոնի սան Դավիթ Քարամյանն արտասանեց հայ մեծանուն գրող Պարույր Սևակի ,,Անլռելի Զանգակատուն,, գրվածքից ,,Գարուն ա, ձյուն ա արել,, նշանավոր հատվածը։ 

Հիաշատակի արարողություններ տեղի ունեցան թեմի մի շարք քաղաքներում, ծաղիկներ խոնարհվեցին Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարերի ու հուշարձանների առջև, կազմակերպվեցին ցուցահանդեսներ:

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան