image

Հայաստանի մէջ. Ամառնային զօրակոչը 14 ապրիլէն սկսեալ

Հայաստանի մէջ. Ամառնային զօրակոչը 14 ապրիլէն սկսեալ

2025-ի ապրիլ 14-էն մինչեւ յուլիս 31-ը ներառեալ Հայաստանի մէջ պիտի կայացուի ամառնային զօրակոչ։  Նախագիծը ներկայացուած է e-draft իրաւական հրամաններու նախագիծերու հրապարակման միասնական կայքին մէջ։

«Յայտարարել  2025 թուականի ապրիլի 14-ից մինչեւ յուլիսի 31-ը ներառեալ Հայաստանի Հանրապետութեան արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինուորական եւ այլընտրանքային ծառայութիւնների ամառային զօրակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինուորական ծառայութեան զօրակոչից նախկինում տրուած տարկէտումը դադարում է մինչեւ 2025 թուականի յունիսի 30-ը ներառեալ, ինչպէս նաեւ «Զինուորական ծառայութեան եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրէնքի 19-րդ յօդուածի 1.1-ին մասում նշուած արական սեռի քաղաքացիների զօրակոչը»,- նշուած է նախագիծին մէջ։ 

Նշուած է, որ 2025 թուականի ամառնային զօրակոչի շրջածիրէն ներս շարքային կազմի պարտադիր զինուորական ծառայութեան պիտի զօրակոչուին նաեւ մինչեւ 2025 թուականի մարտ 1-ը կամաւոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինուորական ծառայութիւն անցնելու դիմում ներկայացուցած իգական սեռի ներկայացուցիչները։ 

«2025 թուականի ամառային զօրակոչի շրջանակներում զինուած ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինուորական ծառայութեան կամ այլընտրանքային զինուորական ծառայութեան ենթակայ քաղաքացիներով իրականացնել 2025 թուականի յունիսի 23-ից մինչեւ յուլիսի 31-ը ներառեալ, իսկ օրէնքով սահմանուած ժամկէտում շարքային կազմի պարտադիր զինուորական ծառայութիւն կամ այլընտրանքային զինուորական ծառայութիւն անցած զինծառայողների զօրացրումն իրականացնել 2025 թուականի յունիսի 26-ից մինչեւ յուլիսի 31-ը ներառեալ»,- նշուած է  նախագիծին մէջ։ 

Նախագիծի տեղեկանքին մէջ նշուած է. «Նախագծով նախատեսւում է զօրակոչի շրջանակներում Զինուած ուժերի համալրման ժամկէտը սահմանել 2025թ յունիսի 23-ից մինչեւ յուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինուորական ծառայութիւն անցած զինծառայողների զօրացրումն իրականացնել 2025թ. յունիսի 26-ից մինչեւ յուլիսի 31-ը ներառեալ, քանի որ ՀՀ կառավարութեան 13.04.2023թ. N 521-Ն որոշմամբ 2023թ. ամառային զօրակոչի ժամանակ Զինուած ուժերի համալրումն (զօրակոչը) իրականացուել է 2023թ. յունիսի 26-ից մինչեւ յուլիսի 31-ը ներառեալ»։