image

Հայ ճարտարապետի նախագծած զորանոցը՝ Թուրքիայի ամենամեծ գրադարան

Հայ ճարտարապետի նախագծած զորանոցը՝ Թուրքիայի ամենամեծ գրադարան

Հայ մեծանուն ճարտարապետ Գրիգոր Բալյանի (Բալյան արքունի ճարտարապետների տոհմից) նախագծած Ռամի պատմական զորանոցը վերածվել է Թուրքիայի ամենամեծ գրադարանի, որի բացումը տեղի է ունեցել օրերս՝ ներկայութամբ Թուրքիայի նախագահի եւ նրա տիկնոջ, կառավարության անդամների: 

Ռամին Թուրքիայի նշանավոր զորանոցներից է եղել. այն կառուցվել է  Օսմանյան կայսրութան սուլթան Մուստաֆա III-ի օրոք՝ 1757-1774 թվականներին, սակայն ճարտարապետական կառույցի տեսք է ստացել  Մահմուդ II-ի օրոք կատարված բարեփոխումների արդյունքում՝ 1828-ին. զորանոցի վերանորոգումն ու ընդարձակումը կատարվել է Գրիգոր ամիրա Բալյանի նախագծով: Գրիգոր ամիրայի  վարպետությունն առհասարակ կայսրությունում  զորանոցների կառուցման մեջ էր, չնայած արքունի հայ ճարտարապետը, ինչպես նաեւ Բալյան ընտանիքի մյուս անդամները հեղինակել են նաեւ պատմական պալատներ: Ռամիից բացի Գրիգոր Բալյանը կառուցել է նաեւ Սելիմիյեյի, Դավութփաշայի զորանոցները: 

 

 

Ռամի զորանոցը մեծ դեր է կատարել Ռուս-թուրքական (1828-1829), Ղրիմի կամ Արեւելյան պատերազմների (1853-1856), Առաջին համաշխարհայինի  ժամանակ, ավելի ուշ ծառայել է նաեւ իբրեւ թուրքական բանակի զորանոց՝ մինչեւ 1960-ականները:  

Ստամբուլի եւրոպական մասի Էյուփ թաղամասում գտնվող Ռամի զորանոցը 1972 թվականին Թուրքիայի Զբոսաշրջության եւ մշակույթի նախարարությունը գրանցել է որպես մշակութային արժեք եւ հանձնել Ստամբուլի քաղաքապետարանին: Երկար ժամանակ այն ծառայում էր որպես մեծածախ սննդի կենտրոն: Այնուհետեւ Զբոսաշրջության եւ մշակույթի նախարարության ջանքերով վերջին տասը տարվա ընթացքում զորանոցը հիմնարար վերանորոգվում էր՝ արդիական գրադարանային համալիրի վերածելու նպատակով:

Նշվում է, որ նորոգման ընթացքում պահվել է  մոտ երեքդարյա հնության շենքի ճարտարապետական տեսքը՝ հնագույն ոճն ու պատմական միջավայրը համապատասխանեցվել են ժամանակակից չափանիշներին, նորոգման ընթացքում օգտագործվել են բնանյութեր:

Մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլարի նեդրում է կատարվել՝ կառուցելու Թուրքիայի ամենամեծ գրադարանը, որը նախատեսում է ունենալ  7 միլիոն գիրք, տպագիր եւ թվային փաստաթղթեր: 

 

Այժմ նորաբաց գրադարանն ունի 2 միլիոն գիրք, մատուցում է շուրջօրյա ծառայություններ, գործում են մանկական, պատանեկան, ուսանողական եւ գիտական բաժիններ, կա հնագույն գրքերի եւ փաստաթղթերի վերականգնման ծառայություն, այստեղ է փոխադրվել Թուրքիայի հնագույն ձեռագրերի նորոգման կենտրոնը: Առանձին բաժին է հատկացվել Ֆաթիհ Սուլթան Մեհմեդի գրքերին:   

Կառույցը Ռամի է կոչվում Ռամի Մեհմեդ փաշայի անունով, որ Մուստաֆա II-ի (1695-1703) օրոք եղել է Մեծ վեզիր, եւ սուլթանը զորանոցը նվիրել է նրան: Ռամին նաեւ պոետ էր եւ մեծ ներդրում ունի օսմանյան քնարերգության մեջ: 

Գրադարանի ընդհանուր տարածքը 220 հազար քմ է, 36 հազար քմ փակ տարածքում տեղակայված է բուն գրադարանը, 51 հազար քմ մետր կազմում է այգու տարածքը, որը ներառում է ամֆիթատրոններ, ընթերցասրահներ, բեմահարթակներ, մանկական խաղահրապարակներ, ցուցասրահներ, քայլելու եւ հեծանվային արահետներ, տեղաշարժման սահմանափակ կարողություն ունեցողների համար տարածքներ: Նախատեսված է Ռամի համալիրում բացել թանգարան,  արվեստի, գրականության այլ կենտրոններ, սնվելու եւ զվարճանքի կայաններ: 

Ռամի գրադարանի բացմանը Թուրքիայի Զբոսաշրջության եւ մշակույթի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը նշել է, որ տարին սկսել են երեք նոր գրադարանի բացմամբ. Ռամի գրադարանից բացի վերջերս Թուրքիայում եւս երկու նոր գրադարան է բացվել: 

Տեղեկություններ տրամադրելով երկրում այլ գրադարանների մասին՝  Էրսոյն ասել է, որ այսօր նախարարության ենթակայության տակ գտնվող գրադարանների թիվը հասել է 1257-ի։

Ռամին ոչ միայն Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի ամենամեծ գրադարանն է, ինչպես նաեւ՝ մեծագույններից մեկը՝ եւրոպական գրադարանների մեջ, որ կառուցվել է «կենդանի գրադարան» հայեցակարգով:

Կառավարության անդամները նշել են, որ այս առումով նույնպես Թուրքիան փորձում է դավանել Եւրոպական Միության որդեգրած արժեքներին, քանի որ «կենդանի գրադարանի» գաղափարի իրագործումը Եւրոպական միության ծրագրերի մի մասն է: 

Նախատեսվում է գրադարանն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների շարքում, որպես 250 տարվա կառույցին նոր շունչ տրված նախագիծ, որի իրականացման ընթացքում բոլոր արտեֆակտները նորոգվել եւ դրվել են իրենց տեղում: