«Դիջիթըլ Փոմըգրանեթը» ընկերությունը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ թողարկում է «Փլեյլենդ Արմենիան» առցանց խաղահրապարակը ամբողջ աշխարհի հայ երեխաների համար:
Ինչպես «Արևելքին» տեղեկացրեց «Դիջիթըլ Փոմըգրանեթը» ընկերության հանրային կապերի պատասխանատու Գայանե Ղանդիլյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը աշխարհի հայության համար տարվա կարեւորագույն իրադարձությունն էր և «Դիջիթըլ Փոմըգրանեթը» ընկերության թիմը, ի հիշատակ ցեղասպանության 100-րդ տարելիցի, ցանկանում էր աշխարհի հայ մանուկներին միավորել մեկ հարթակում՝ հայկական լեզուն, մշակույթը եւ գաղափարները ուսուցանելու եւ միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տալու նպատակով: Հենց այս նպատակի շուրջ էլ համախմբվեց թիմը, եւ մեկ տարվա երկարատեւ աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Փլեյլենդ Արմենիան» խաղային հարթակը:
16 խաղերից բաղկացած անվճար հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ հրաշալի թվային խաղահրապարակում: 5-10 տարեկան բոլոր երեխաները, անկախ լեզվական գիտելիքից, հնարավորություն ունեն բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրելու հայոց լեզուն և մշակույթը: Մեծ համայնքի մի մասնիկը դառնալով` նրանք կարող են ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակիցների հետ:
Ինչպես նշում է Գայանե Ղանդիլյանը, «Դիջիթըլ Փոմըգրանեթը» մեծ ուժեր է ներդրել երեխաների համար առցանց անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու գործում: Երեխաները չեն կարող հրապարակել անձնական ինֆորմացիա և նկարներ, իսկ նամակներ հնարավոր է գրել` օգտվելով միայն նախապես տրվող բառակապակցություններից և նախադասություններից:
Ըստ «Դիջիթըլ Փոմըգրանեթը» ընկերության հանրային կապերի պատասխանատուի, «Փլեյլենդ Արմենիան» հավելվածը ոչ միայն խաղերի հարթակ է, այլ նաեւ հրաշալի ուղեցույց սփյուռքում և Հայաստանում ապրող հայ ծնողների համար, ովքեր ուզում են իրենց երեխաների ժամանցը համատեղել հայոց լեզվի եւ մշակութային տարրերի ուսուցման հետ: Բացի այբուբեն, թվեր, բառեր, գույներ եւ հեքիաթներ ուսուցանող խաղերից, ծնողներին տրամադրվում են նաեւ աշխատանքային նյութեր, «ներկիր ինքդ» ոճի գրքեր, սեղանի քարտեր, բառախաղեր եւ մի շարք այլ ինտելեկտուալ խաղեր եւ վարժություններ:
Ինչպես տեղեկացանք, «Փլեյլենդ Արմենիան» նախնական համակարգչային տարբերակը ներկայացվել էր հանրությանը դեռեւս հոկտեմբերին՝ «Դիջիթեք Էքսպոյի» շրջանակներում: Այնուհետեւ խաղը հաղթող էր ճանաչվել Հայաստանի Բաց Խաղ Առաջնության միանգամից երկու անվանակարգերում՝ «Լավագույն 2D խաղ» եւ «Լավագույն դիզայն»:
Այս տարի արդեն խաղը հասանելի է համակարգիչների, ինչպես նաեւ iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող պլանշետների համար:
«Փլեյլենդ Արմենիան» հավակնում է դառնալ աշխարհում հայ մանուկների համար առաջին անվճար խաղային հարթակը, որը ունի եւ՛ կրթական, եւ՛ ժամանցային բնույթ:
Դիջիթըլ Փոմըգրանեթի մասին
«Դիջիթըլ Փոմըգրանեթը» ՏՏ ընկերություն է և տեղակայված է Գյումրիում` Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում: Ընկերությունը կենտրոնանում է մոբայլ և վեբ հավելվածների ստեղծման վրա, որոնք ծառայում են որպես տեխնոլոգիական լուծումներ ամբողջ աշխարհում փոքր և միջին ձեռնարկությունների համար:
Նպատակն է Գյումրիի մասնագետների հմտությունները բերել ՏՏ համաշխարհային շուկա: Նախագծման և ծրագրավորման ոլորտներում վերապատրաստումներ և աշխատատեղեր առաջարկելով` մենք նպատակ ունենք քաղաքում ապահովել կայուն տնտեսական աճ:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մասին
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը ստեղծվել է 1956 թ. որպես պորտուգալական հիմնադրամ, որը ծառայելու է ողջ մարդկությանը: Հիմնադրամի սկզբնական նպատակն էր արվեստի, բարեգործության, գիտության և կրթության միջոցով նպաստել գիտելիքների ձեռքբերմանը և բարձրացնել մարդկանց կյանքի որակը: Համաձայն Գալուստ Գյուլբենկյանի վերջին կամքի և կտակի` հիմնադրամն անժամկետ ծավալում է իր գործունեությունը Լիսաբոնում գտնվող գլխամասում և Փարիզի և Լոնդոնի մասնաճյուղերում: Հիմնադրամի հայկական համայնքների բաժինը հովանավորում է կրթական և մշակութային նախաձեռնություններ ամբողջ աշխարհում: