Նյու Յորքի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչները 1917 թ. կազմակերպել են յուրօրինակ ակցիա քաղաքի փողոցներից մեկում՝ փորձելով այսկերպ գրավել անցորդների ուշադրությունը՝ կարիքավոր հայերին օգնության ձեռք մեկնելու համար: Մայր Հայաստանի և որբերի կերպարներով հանդես եկող աղջնակները պարզել են պաստառ՝ հետևյալ գրությամբ. «Մենք ողբում ենք մեր մեկ միլիոն մարդկանց կորուստը. դուք կարող եք օգնել մեկ ու կես միլիոն ցեղասպանությունը վերապրածներին»:
Մեծ եղեռնի տարիներին և դրանից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, շարքային ամերիկացիները, ինչպես նաև ամերիկահայ գաղութը մեծ ջանքեր գործադրեցին կոտորածներից մազապուրծ հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Կարիքավորների մեծ մասը հանգրվանել էր Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Կովկասում և այլուր:
ԱՄՆ կառավարության կողմից ստեղծված մարդասիրական նպաստամատույց կազմակերպություններից զատ՝ տեղի հայ համայնքը տարբեր միջոցներով ներգրավված էր այդ աշխատանքներում:
«Աներևակայելի բարբարոսություն է կատարվել թուրքերի կողմից հայերի հանդեպ: Եվ այնպիսի գաղտնիությամբ են կատարվել բռնությունները, որ դժվար է դրանց անուն տալը, այնպիսի բռնություններ, որոնք գործադրվեցին նվաճված ազգերի նկատմամբ Աթիլլայի և Չինգիզ խանի հետևորդների կողմից...»
Թեոդոր Ռուզվելտ
ԱՄՆ Նախագահ
Լուսանկարի աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից