Ուսուցիչ, մտավորական, ՀՀ «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր Դավիթ Շահնազարյանը գրում է.
Ծրագրվա՞ծ էր արդյոք պատերազմական գործողությունների վերսկսումը. կարծում եմ՝ այո: Դրա մասին էր խոսում Ադրբեջանի այն հսկայական միջոցները, որ ծախսվում էին ռազմական բյուջեի վրա: Բյուջե, որ համարժեք էր ՀՀ ընդհանուր բյուջեին: Ոչ պակաս կարևոր հանգամանք էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Օրըստօրե ահագնացող դժգոհությունը և նավթադոլարների հոսքի նվազումը բերել էին տնտեսական ծանր իրավիճակի, և առկա էր նաև սոցիալական մեծ ընդվզում: Իսկ օֆշորային սկանդալի ֆոնին հարց էր առաջանում, թե ո՞ւր են այն հսկայական միջոցները, որ ծախսվել են ռազմական բյուջեի վրա: Հասարակական տրամադրությունների շեղման և ծախսված միջոցների միակ արդարացումը Ադրբեջանը գտավ ռազմական լուծման մեջ և ծրագրված բլից-կրիգը, եթե հաջողության հասներ կարող էր փոխել հասարակական տրամադրվածությունը և լուծել ալիևյան կլանի մի շարք խնդիրներ: Մյուս կողմից Սարսանգի ջրամբարի մասին հայտնի զեկույցը թույլ, բայց որոշակի հիմքեր էր ստեղծում միջազգային հանրությանը ինչ-ինչ փաստարկներ ներկայացնելու համար: Ակնհայտ է նաև Թուրքիայի դերը այս հարցում՝ ռազմական հրահանգիչների, վարձկանների և դիվանագիտական աջակցության միջոցով:
Եթե հարցը դիտարկենք Ռուսաստանի օգուտների տեսակետից, ապա, ինչ խոսք, Ռուսաստանին ձեռնտու է զենք վաճառել Ադրբեջանին և որոշակի է՛լ ավելի մեծ լծակներ ձեռք բերել՝ ՀՀ-ին հետ պահելու արևմտամետ ծրագրերից, սակայն վնասները կարծում եմ ավելի մեծ են: Մասնավորապես կարծում եմ, որ Ռուսաստանում հասկանում են, որ լայնածավալ պատերազմական գործողությունների ֆոնին կարող են վերահսկողությունը կորցնել և միջազգային այլ խաղացողների ներգրավվածությունը հակամարտությանը կարող է նվազեցնել նրա դերը: Թուրքիայի, որպես ԱՄՆ-ի դաշնակից երկրի ներգրավումը, կարող է բարդացնել ՌԴ-ի խնդիրները, մասնավորապես ռուս-թուրքական լարվածության ֆոնին: Կարծում եմ, որ ԱՄՆ-ին նույնպես ձեռնտու չէ հակամարտության թեժացումը, չնայած Բայդենի՝ տարածքային ամբողջականության թեզի արծարծմանը Ալիևի հետ հանդիպմանը, այնուամենայնիվ ԱՄՆ-ին ձեռնտու չէ ՌԴ-ի դերի աճը, քանի որ ՌԴ-ն կարող է հանդես գալ կարգավորողի դերում, ինչը կհանգեցնի նրա դերի է՛լ ավելի բարձրացմանը: Այլ կլիներ, եթե Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունենա լարվածության կտրուկ բարձրացում և, հաշվի առնելով Աֆղանստանում ու Միջին Ասիայում տիրող տրամադրությունները, Արցախյան հակամարտության սրացումը ուղղված կլիներ ՌԴ-ի դեմ և ձեռնտու կլիներ Արևմուտքին: Հետևաբար, քանի դեռ նման պատկեր չի գրանցվում, այն Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի ներքաղաքական հարցերի լուծման փորձ էր, որ մատնվեց անհաջողության: