Արցախը Հայաստանէն եւ աշխարհէն ապօրինի զրկուած է արդէն 262 օր: Արցախի կեանքի ճանապարհի փակումը տեւական ժամանակ է, որ մարդասիրական աղէտ ստեղծած է երկրին մէջ: Շուտով սեպտեմբեր 1-ն է՝ նոր ուսումնական տարուան սկզիբը, եւ ինչպէս բոլոր արցախցիներու, այնպէս ալ Մերինէ Յարութիւնեանի ընտանիքը չեն գիտեր՝ ի՞նչ միջոցներով դպրոց ուղարկել երեխաները:
NEWS.am-ին Մերինէն կը պատմէ, որ 5 երեխայ ունի, որոնցմէ 4-ը դպրոց պիտի յաճախեն, 1-ը՝ ուսումնարան, սակայն, ան կ'ըսէ՝ նոյնիսկ գրիչ ու տետր չկայ խանութներուն մէջ:
Երեխաներէն ամենափոքրը 7 տարեկան է, ամենաշատը այս օրերուն քաղցրաւենիք կ'ուզէ ուտել. «Քաղցր է ուզում, որը չկայ: Այսօր մարգարինը վերջացաւ, բուտերբրոտ եմ արել, կերել են»:
Մերինէն կ'ըսէ՝ ընտանիքին մէջ 7 շունչ են եւ օրական մէկ հաց կը հասնի իրենց. «Գիշերը 23:00-ից գնում ու հացի հերթ ենք կանգնում, որ լուսաբացին հաց ստանանք: Մեզ ցեղասպանում են: Տնից որ դուրս ենք գալիս՝ մեր աչքերի դէմը սեւանում է»:
Արցախի մէջ չկան առողջապահական պարագաներ, որու մասին արդէն օրեր շարունակ կ'ահազանգեն տարբեր կառոյցներ. Մերինէի խօսքով՝ արցախցիները երբեմն կը գտնեն ելքը.
«Փոխանակում ենք անում, փորձում ենք մի կերպ դիմանալ. հիմնականում ձէթի, շաքարաւազի, այլիւրի խնդիր կայ: Մարդ կայ տանը լուացքի փոշի շատ ունի ձէթի հետ փոխանակում է, մէկն էլ հակառակը: Ով հասցրել ու ունեցել է հնարաւորութիւն ժամանակին մի քանի օճառ է վերցրել, մենք դա չենք հասցրել»: