Սեպտեմբեր 6-ին Արցախ մեկնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Գերագոյն հոգեւոր խորհուրդի անդամներու ուղեկցութեամբ՝ այցելած է ԼՂՀ Պաշտպանութեան բանակի N զօրամաս: Ամենայն Հայոցը հանդիպում ունեցած է հրամանատարական կազմին եւ զինուորներուն հետ: Այս մասին կը յայտնեն Մայր Աթոռի տեղեկատուական համակարգէն:
Զօրամասին մէջ, Ամենայն Հայոց Հայրապետին դիմաւորած է ԼՂՀ Պաշտպանութեան նախարար զօրավար-հրամանատար Լեւոն Մնացականեան: Այնուհետեւ շարուած զօրքին իր հայրապետական օրհնութիւնը բաշխած է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Եկել ենք մեր գնահատանքը եւ սէրը արտայայտելու ձեզ, նաեւ բերելու ձեզ մեր խոնարհումը ձեր իրագործած սխրանքների համար, որոնց մենք ականատես դարձանք ապրիլեան պատերազմի օրերին, թէ ինչպիսի քաջազունութեամբ դուք կասեցրեցիք ատրպէյճանական զօրքերի յարձակումը, ետ շպրտեցիք նրանց մեր սահմաններից: Մեր խոնարհումն ենք բերում քաջարի զինուորներին` մեր ազգի հերոս զաւակներին, ովքեր իրենց կեանքով այդ օրերին պաշտպանեցին մեր Հայրենիքը: Թող երկնքից միշտ լոյս եւ օրհնութիւն իջնի նրանց շիրիմներին: ․․․Փա՛ռք ձեզ, հայոց բանակի քաջարի մարտիկներ: Վերստին, փաբռք ձեր ընկերներին, որոնք հանգչում են Արցախի եւ Հայաստանի նուիրական եւ սուրբ հողում»,- ըսած է Գարեգին Բ Կաթողիկոսը:
«Դուք մշտապէս մեր աղօթքներում էք, մենք սիրում ենք ձեզ: Ձեզ սիրում է ազգի իւրաքանչիւր զաւակ թեբ Հայրենիքում, թեբ Սփիւռքի հեռաւոր ափերում: Մեր ազգն իր սիրով ու ոգով, իր կարելիութիւնների ընծայաբերումներով եւ յանձնառութիւններով միշտ ձեր կողքին է: Ձեզ հետ է նաեւ մեր Եկեղեցին իր հնարաւորութիւններով ու կարողութիւններով, ինչպէս նաեւ իր սպասաւորներով»,- ընդգծած է Գարեգին Բ Հայրապետը:
Աւարտին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Գերագոյն հոգեւոր խորհուրդի անդամները զրուցած են զինուորներուն հետ: