image

«Ոսկեղենիկ» մատենաշարը ՝ նոր հատորներով

«Ոսկեղենիկ» մատենաշարը ՝ նոր  հատորներով

Մեր եկեղեցու ԱՄՆ Արևմտեան թեմի նախաձեռնութեամբ մէկ տարի առաջ ստեղծուեց նոր մատենաշար՝ «Ոսկեղենիկ» խորագրով։ Ի սկզբանէ այս շարքի հիմքում դրուած է, ինչպէս անուանումն էլ յուշում է, մեր ոսկեղէն լեզուի ու մատենագրութեան նորովի արծարծումը, միջնադարեան մեր ժառանգութիւնը նոր օրերը տեղափոխելուն իր չափով նպաստելը, հոգևոր ու գրական արժէքներ տարածելը։

Անպարփակ գրաւոր ժառանգութիւն ունի մեր ժողովուրդը, և նրա միջից օգտակար՝ նոր օրերի անհատին սնուցող ազդակները երբևէ չեն կարող սպառուել։ Ժամանակ առ ժամանակ հանրութեան մէջ քննարկուող թեմաները, չափորոշիչների և այլնի մասին տեսակէտները բնաւ չեն սասանում մեր բացարձակ արժէքները, այդ թւում՝ դասական լեզուն, մատենագրութիւնը, որ մշտապէս ուսանելի են ամենքիս համար։ Մանաւանդ որ ունենք մեծաքանակ երկեր, որոնք դեռ տպագրուած կամ թարգմանուած չեն ու «ննջում են» ձեռագիր մատեաններում։

Այդպիսի մտայնութեամբ է ստեղծուել մատենաշարը, առաջին յուսադրող քայլերից յետոյ, կարելի է ասել, այն կենսունակ դառնալու միտում ունի։ Արդէն տպագրուել են երկու հատորներ՝ Յովհան Ոսկեբերանի քարոզների ժողովածոյ (2019 թ.) և Յակոբ Նալեանի «Գանձարան ծանուցմանց» գրքից ծաղկաքաղ ժողովածուն (2020)։ Մասնաւորապէս վերջին հեղինակը՝ Կ. Պոլսի և Երուսաղէմի Պատրիարք Յակոբ Նալեանը մեր մեծ մտածողներից է, Նարեկի առաջին խոշոր մեկնիչներից մէկը, և իր արժանի տեղը պիտի ունենայ գրական հսկաների շարքում։ Շեշտենք, որ երկերը գրաբարից աշխարհաբար են փոխադրւում առաջին անգամ։

Թարգմանական այդ ընթացքին այս կամ այն կերպ ներգրաւուած են նախ և առաջ Հայաստանի մասնագէտները, որոնց ուժերով գրաբարից աշխարհաբարի են փոխադրւում ու խմբագրւում, սրբագրւում հատորները։ Իսկ մատենաշարի բովանդակային առանցքը հոգևոր անփոփոխելի գանձերն են՝ առաքինութիւնը, սէրը, համեստութիւնը, բարի կենցաղավարութիւնը։

Ներկայումս սրբագրման ու վերջնականացման փուլում են ևս երեք հատորներ, որոնք առաջիկայ ամիսներին կը յանձնուեն տպագրութեան. Յովնան Արք. Տէրտէրեանի «Պատգամներ» խորհրդածութիւնների ժողովածուն, Բարսեղ Կեսարացու երկերի թարգմանութիւնը, Կարապետ Պալատեցու «Տարեկան քարոզգրքից» մի ծաղկաքաղ, որի ձեռագրի ինքնագիր օրինակը պահւում է թեմի առաջնորդարանում։ Վերջինը՝ Կ. Պոլսի 1823-31 թթ. Պատրիարք Կարապետ Պալատեցին նոյնպէս քիչ յայտնի հեղինակներից է մեզանում, և նրա խորիմաստ քարոզները պարկեշտութեան, ողորմածութեան, պահեցողութեան մասին չեն կորցրել արդիականութիւնը։ Օրինակ, հեղինակը գրում է՝ «Պարկեշտութիւնը հայելու պէս ցոյց է տալիս մարդու ներսը», կամ՝ «...ձեռքերն ու երեսը լուանալուց առաւել հարկ է լեզուն լուանալ, որպէսզի այն մաքրուի հայհոյութեան ախտից, բամբասանքից, արհամարհանքից» («առաւել զեզուս լուանալ հարկ է, զի մաքրեսցի յախտոյ հայհոյութեան, բամբասանաց, արհամրահանաց»), որոնց ընթերցումը, ի դէպ, վատ չի լինի, որ փոխարինի հանրային ցանցերում անպտուղ ու անվերջ քարկոծումներին։ Առհասարակ՝ մատենաշարի սկզբունքներից մէկն է ընթերցողին նոր երկեր ու հեղինակներ մատուցելն ու շրջանառութեան մէջ դնելը։ Այդ կերպ են ընտրուել ու սկսուել նաև յաջորդող հատորների պատրաստութիւնը, որոնք ընդրկում են Յովհաննէս Ջուղայեցու (17-րդ դար), Պաղտասար Դպիրի (18-րդ դար), Յակոբ Շամախեցու, Պետրոս Նախիջևանցու երկերը, շեշտենք՝ գրաբարից աշխարհաբար նոր փոխադրութիւններով։

Այս առիթով տեղին է ասել, որ ԱՄՆ Արևմտեան թեմը և նրա առաջնորդը՝ Յովնան Արք. Տէրտէրեանը, լայն գրահրատարակչական գործունէութիւն է ծաւալում՝ ամէն տարի տպագրելով հոգևոր, սուրբգրային, ծիսական-արարողակարգային, գրական, գիտական և այլ ոլորտների 10-նեակ գրքեր, իսկ Յովնան Սրբազանն անձամբ մօտ 110 գրքերի հեղինակ է (այդ մասին պատմող գրքոյկը և հրատարակութիւնների pdf տարբերակները կարելի է գտնել Առաջնորդարանի կայքում հետևեալ յղումով https://www.wdacna.com/publications)։ Եւ վստահ ենք, որ գրատպութեան աւանդներով խիստ հարուստ Արևմտեան թեմը «Ոսկեղենիկ» մատենաշարով յաւելեալ շունչ հաղորդած կը լինի միջնադարի մեր հոգևոր գրականութիւնը նոր օրերում թարգմանելու և տարածելու նպատակադիր գործին։

 

Նորայր Պօղոսեան

12.08.20