«Ուշադիր, խելացի, հոգատար բժիշկ, որը ցանկացած այցելուի հետ խոսում է, ինչպես հավասարը՝ հավասարի…» Բժիշկ, մանկաբույժ Լորքի Լիբարիդյանին հաճախ այսպես են բնութագրում իր հիվանդները: Լորքին ապրում է Բոստոնում և բարձր պաշտոն զբաղեցնում Cambridge Health Alliance կլինիկաների ցանցում: Հետաքրքիր ու խոստումնալից աշխատանք, հիվանդների ու գործընկերների կողմից պարբերաբար հնչող բարձր գնահատականներ… Ի՞նչն է Լորքիին ստիպում տարին 4 անգամ այցելել Հայաստանի գյուղեր ու հիվանդներ ընդունել:
«Մայրս՝ Նորա Ներսեսյանը, Հարվարդի բժշկական ֆակուլտետի ադմինիստրատորն է: Նա հաճախ էր առնչվում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ,- ասում է Լորքի Լիբարիդյանը:- Ես էլ միշտ հետաքրքրվում էի միջազգային բժշկությամբ ու որոշեցի, որ կարելի է Հայաստանում առաջնային առողջապահական ծրագիր իրականացնել: Կապվեցի Հիմնադրամի հետ, ու սկսվեց մեր համագործակցությունը: Առաջին անգամ մի քանի գյուղ այցելեցի ու հետազոտություն անցկացրի, որ պարզեմ մարդկանց կարիքները»:
Դրան հաջորդեցին բազմաթիվ այլ այցելություններ: Գալիս 1 տարին 4 անգամ, մնում մեկ-երկու շաբաթ կամ մեկ ամիս: «Հիմնադրամի բժիշկների հետ միասին Արմավիրի և Լոռու մարզերի շահառու գյուղերում բազմաթիվ հիվանդներ ենք ընդունում: Նաև տեղի բժիշկների ու օրդինատորների համար պրեզենտացիաներ ու սեմինարներ ենք կազմակերպում: Ասենք, վերջին այցելության ընթացքում Վահագնի, Մեծ Այրում, Թումանյան համայնքների բուժաշխատողներին երեխայի քաշ-հասակային սանդղակներ տրամադրեցինք ու բացատրեցինք, թե ինչպես աշխատեն դրանցով»,-ասում է Լիբարիդյանը:
Նա համոզված է, որ ընտանեկան բժշկության ինստիտուտը խիստ կարևոր է գյուղական բնակչության համար: «Նրանք պիտի իմանան, որ համայնքում կա իրենցով հետաքրքրվող բժիշկ: Մարդիկ պիտի զգան իրենց կարևորությունը: Վերջին այցելությանս ժամանակ Մեծ Այրումի բնակիչներից մեկն ինձ ծաղիկներ նվիրեց,-հիշում է Լորքին:- Նա ասաց, որ «խիստ զգացված է, քանի որ բժիշկները ժամանակ են տրամադրել ու խոսել իր հետ…» Նա պարզապես ուշադրության կարիք ուներ, նրան հարկավոր էր լսել: Նաև ուրախ էր, որ մեկը «մարդկային բառերով» բացատրել է իր ախտորոշումը: Մարդկանց երբեմն պարզապես հոգատար վերաբերմունք է պետք»:
Բժիշկն ուզում է ինչ-որ կերպ հայ ժողովրդի համար օգտակար լինել: «Երբ ԱՄՆ-ում եմ լինում, անընդհատ այստեղի ժողովրդին կարոտում եմ: Կուզենայի ինչ-որ փոփոխություններ մտցնել: Եթե միավորվենք, աշխատենք, մեծ գործ կկարողանանք անել»,-ասում է Լորքի Լիբարիդյանը:- Եթե ազգի առողջությունը բարելավենք, հայերը կշատանան-կբազմանան: Համենայն դեպս, դա է իմ երազանքը»:
«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»/coafkids.org