image

Ծաղկեփունջ Մեծ Այրումից՝ ամերիկահայ մանկաբույժ Լորքի Լիբարիդյանի համար

Ծաղկեփունջ Մեծ Այրումից՝ ամերիկահայ մանկաբույժ Լորքի Լիբարիդյանի համար

«Ուշադիր, խելացի, հոգատար բժիշկ, որը ցանկացած այցելուի հետ խոսում է, ինչպես հավասարը՝ հավասարի…» Բժիշկ, մանկաբույժ Լորքի Լիբարիդյանին հաճախ այսպես են բնութագրում իր հիվանդները: Լորքին ապրում է Բոստոնում և բարձր պաշտոն զբաղեցնում Cambridge Health Alliance կլինիկաների ցանցում: Հետաքրքիր ու խոստումնալից աշխատանք, հիվանդների ու գործընկերների կողմից պարբերաբար հնչող բարձր գնահատականներ… Ի՞նչն է Լորքիին ստիպում տարին 4 անգամ այցելել Հայաստանի գյուղեր ու հիվանդներ ընդունել: 

«Մայրս՝ Նորա Ներսեսյանը, Հարվարդի բժշկական ֆակուլտետի ադմինիստրատորն է: Նա հաճախ էր առնչվում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ,- ասում է Լորքի Լիբարիդյանը:- Ես էլ միշտ հետաքրքրվում էի միջազգային բժշկությամբ ու որոշեցի, որ կարելի է Հայաստանում առաջնային առողջապահական ծրագիր իրականացնել: Կապվեցի Հիմնադրամի  հետ, ու սկսվեց մեր համագործակցությունը: Առաջին անգամ մի քանի գյուղ այցելեցի ու հետազոտություն անցկացրի, որ պարզեմ մարդկանց կարիքները»:

Դրան հաջորդեցին բազմաթիվ այլ այցելություններ: Գալիս 1 տարին 4 անգամ, մնում մեկ-երկու շաբաթ կամ մեկ ամիս: «Հիմնադրամի բժիշկների հետ միասին Արմավիրի և Լոռու մարզերի շահառու գյուղերում բազմաթիվ հիվանդներ ենք ընդունում: Նաև տեղի բժիշկների ու օրդինատորների համար պրեզենտացիաներ ու սեմինարներ ենք կազմակերպում: Ասենք, վերջին այցելության ընթացքում Վահագնի, Մեծ Այրում, Թումանյան համայնքների բուժաշխատողներին երեխայի քաշ-հասակային սանդղակներ տրամադրեցինք ու բացատրեցինք, թե ինչպես աշխատեն դրանցով»,-ասում է Լիբարիդյանը:

Նա համոզված է, որ ընտանեկան բժշկության ինստիտուտը խիստ կարևոր է գյուղական բնակչության համար: «Նրանք պիտի իմանան, որ համայնքում կա իրենցով հետաքրքրվող բժիշկ: Մարդիկ պիտի զգան իրենց կարևորությունը: Վերջին այցելությանս ժամանակ Մեծ Այրումի բնակիչներից մեկն ինձ ծաղիկներ նվիրեց,-հիշում է Լորքին:- Նա ասաց, որ «խիստ զգացված է, քանի որ բժիշկները ժամանակ են տրամադրել ու խոսել իր հետ…» Նա պարզապես ուշադրության կարիք ուներ, նրան հարկավոր էր լսել: Նաև ուրախ էր, որ մեկը «մարդկային բառերով» բացատրել է իր ախտորոշումը: Մարդկանց երբեմն պարզապես հոգատար վերաբերմունք է պետք»:

Բժիշկն ուզում է ինչ-որ կերպ հայ ժողովրդի համար օգտակար լինել: «Երբ ԱՄՆ-ում եմ լինում, անընդհատ այստեղի ժողովրդին կարոտում եմ: Կուզենայի ինչ-որ փոփոխություններ մտցնել: Եթե միավորվենք, աշխատենք, մեծ գործ կկարողանանք անել»,-ասում է Լորքի Լիբարիդյանը:- Եթե ազգի առողջությունը բարելավենք, հայերը կշատանան-կբազմանան: Համենայն դեպս, դա է իմ երազանքը»:

 

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»/coafkids.org