image

«Տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով». ՀՀ ԱԳՆ

«Տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով». ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունն իր պաշտոնական թվիթերյան էջում հայտարարություն է տարածել Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: 

«Մենք անհանգստացած ենք վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ: Կողմերը պետք է ավելի շատ զսպվածություն և խոհեմություն դրսևորեն՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով»,-նշվում է հայտարարության տեքստում:

Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի բանակն անօդաչու թռչող սարքերի միջոցով արցունքաբեր գազ է կիրառել Գազայի հատվածի սահմանին հավաքված հազարավոր պաղեստինցի ցուցարարների դեմ: Սկզբում իսրայելական կողմը վերևից թռուցիկներ է նետել՝ պաղեստինցիներին նախազգուշացնելով սահմանից հեռու մնալ:

Դրանից հետո կիրառվել է արցունքաբեր գազ:

Այնուամենայնիվ, դա հետ չի պահել ցուցարարներին կրկին սահմանի մոտ հավաքվելուց: Ըստ աղբյուրի տվյալների՝ հավաքվել է ավելի քան 35.000 մարդ, որոնց դեմ արցունքաբեր գազից բացի նաև զենք է կիրառվել: Իսրայելցի ուժայինները կրակ են բացել բողոքի ցույցերի առավել ագրեսիվ մասնակիցների ուղղությամբ: 

Հայտնի է, որ ցույցերի մասշտաբն ու վրդովմունքի ալիքը զգալիորեն մեծացել է Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման ֆոնին:

Պաղեստինցի ցուցարարներն ինքնաշեն պայթուցիկ սարքեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել, անվադողեր այրել և փորձել են կոտրել սահմանային արգելապատնեշները:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը, որին մասնակցելու նպատակով Իսրայել են ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոնք երկուսն էլ Սպիտակ տան ավագ խորհրդականներ են: