Սիրիահայ Արփի Խուբլարյանն ուլունքագործ է: 2 տարի առաջ Հալեպից Երեւան տեղափոխվելով որոշեց՝ պետք է իր ուժերով գումար աշխատի. մասնակցեց ուլունքագործության դասընթացներին, սկսեց կանացի և մանկական զարդեր պատրաստել եւ վաճառել:
-Ուլունքագործությունն իմ նախասիրությունն է: Հալեպում ինձ համար էի պատրաստում: Որ եկա Հայաստան, մասնակցեցի դասընթացներին, ինձի քաջալերեցին, որ դնեմ վաճառքի: Տանը սարքում եմ, հետո ցուցահանդեսներին վաճառում,- ասում է նա:
Արփիի պատրաստած զարդերը օրերս ցուցադրվեցին «Երևան էքսպո ցուցասրահում»՝ «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի շրջանակներում:
-Հայաստանում պահանջարկն այնքան էլ մեծ չէ, հազիվ ծախսն է հանում: Իսկ ցուցահանդեսներն օգնում են, որ ծանոթանան իմ աշխատանքներին, ես էլ հասկանում եմ իրենց պահանջը,- ասում է ուլունքագործը:
Արփին Հայաստան է տեղափոխվել երեք որդիների հետ: Նրանցից երկուսն արդեն ճարտարապետի մասնագիտություն են ստացել, փոքրը 12 տարեկան է՝ դպրոցական:
Արփին ասում է՝ սկզբում ամուսինն էլ էր իրենց հետ եկել Երեւան, բայց աշխատանք չգտնելու պատճառով ստիպված եղավ հետ վերադառնալ Հալեպ:
-Պատերազմի պատճառով եկանք, որ նորից ետ գնանք: Բայց երեխա ունեմ, որ շատ վախենում էր, դրա համար այստեղ մնացինք,- ասում է Արփին ու ավելացնում,- Ամուսինս տակավին Հալեպում է: Վտանգավոր է. մի 15 օր առաջ հրթիռ էր ընկել, պատշգամբը վնասվել էր, բայց աշխատանքն այնտեղ է: Գնաց, որ աշխատի:
Զրուցակիցս նկատում է՝ Հայաստանում սիրիահայերի համար ամենամեծ խնդիրն աշխատանք չգտնելն է: Եթե աշխատանք լինի, բոլորը կնախընտրեն մնալ ու ստեղծել այստեղ՝ հայրենիքում:
-Ես շատ եմ սիրում Հայաստանը, արվեստը. Հայաստանն արվեստի աշխարհ է: Եթե եկամուտ լինի, բոլորն ալ կմնան ու կապրին այստեղ,- նկատում է նա:
Տաթևիկ Սարգսյան/«Արևելքին»