image

Ռուսաստանը Թուրքիայի համար խնդիրներ կարող է ստեղծել նաև քրդերի միջոցով. պատերազմական լրագրող

Ռուսաստանը Թուրքիայի համար խնդիրներ կարող է ստեղծել նաև քրդերի միջոցով. պատերազմական լրագրող

Ռուս-թուրքական ներկա լարվածության ֆոնին Ռուսաստանը շարունակում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Ռուսաստանում մինչև դեկտեմբերի 1-ը հրապարակվելու են այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը Թուրքիայից Ռուսաստան արգելվելու է:  Պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում նաև այլ ոլորտների վրա:  Ըստ սիրիահայ հրապարակախոս, պատերազմական լրագրող  Սարգիս Գասարջյանի (Դամասկոս), այս ամեն ինչը անտրամաբանական հետևանքն է տեղի ունեցած անտրամաբանական քայլին, որն էր` Թուրքիայի կողմից ռուսական օդանավի կործանումը: «Իսկապես, ռուսական օդանավը խփելու գործողությունը տրամաբանությունից դուրս էր, ուստի հետևանքներն էլ անտրամաբանական են լինելու, և այս պահին ակնկալել, թե երկու երկրների տնտեսական, ռազմական, մշակութային կամ այլ կապերի ոլորտում ուրիշ ինչ քայլեր են սպասվում` դժվար է»,- «Արեւելքի» հետ զրույցում ասաց լրագրող Սարգիս Գասարջյանը:  Ըստ նրա, քիչ թե շատ տրամաբանությանը մոտ զարգացում  կարող է լինել այն, որ Թուրքիան, փոքրիկ քայլեր անելով, մեղմացնի իրավիճակը և գնա ներողություն խնդրելու ճանապարհով` այսպիսիով նախկինի վերադարձնելով թուրք-ռուսական հարաբերությունները: «Սակայն,  Էրդողանը, հնարավոր է, դժվարությամբ «կոտրի» սուլթանի իր իմիջը և չգնա ուղղակի ներողամտության քայլին, սակայն ճկունություն ցուցաբերի և ներողամտության փոխարեն Սիրիայի հարցում ինչ-ինչ քարտեր բացի Ռուսաստանի առջև: Ասենք, դա կարող է լինել  ակտիվ զինյալների հասցեներ տրամադրելու գամ գաղտնի սպասարկության որոշ տվյալներ Ռուսաստանին փոխանցելու ձևով: Դա կլինի ներողամտության փոխարեն ներքին կարգով արված մի քայլ, բայց իրեն ընտրած զանգվածի առջև դժվար թե Էրդողանը բառացի ներողություն խնդրի Ռուսաստանից»,-Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների առաջիկա կանխատեսելի սցենարների  մասին իր կարծիքը հայտնեց Սարգիս Գասարջյանը: Նա չի բացառում նաև, որ Թուրքիան կարող է մնալ նույն կարծր դիրքում և ներողություն չխնդրել: Այդ դեպքում, ըստ մեր զրուցակցի, Ռուսաստանի պատասխանն էլ նույնն է լինելու` Ռուսաստանը ավելի  կուժեղացնի ճնշումները և կարող է  հասնել նույնիսկ զինվորական բախումների:  «Դա կլինի թե' օդանավերի կործանման ճանապարհով, թե' սիրիական հողում այն վայրերի ռմբակոծմամբ, որոնց պահպանության համաձանություն կար, և  որոնք ռմբակոծման գոտուց դուրս էին:   Այսինքն, հնարավոր է առաջիկայում խզվեն  բոլոր տեսակի զինվորական համաձայնությունները»,-նշեց մեր զրուցակիցը:

Երկու երկրների ռազմական հարաբերությունների  սրման առումով կա նաև հնարավոր մեկ այլ տարբերակ, որի մասին, ըստ մեր զրուցակցի, թեև շուտ է խոսել, բայց որը բնավ  չի կարելի անտեսել: «Ռուսաստանը  շատ հեշտությամբ կարող է Թուրքիային հարվածել ուղղակի քրդերի միջոցով` քուրդ զինյալներին որոշ նորագույն զինատեսակներ տրամադրելով,  ինչը մեծ պրոբլեմներ կհարուցի երկրի ներսում»,-նշեց մեր զրուցակիցը:

Սարգիս Գասարջյանը հիշեցրեց օրերս թուրքական մամուլում հայտնված ռուս քաղաքական մի  գործչի տեսակետ, ըստ որի, եթե Թուրքիան ռուսական նավերի դեմ փակի Բոսֆորը, ապա, ըստ ռուս գործչի, կարելի է խոսել աշխարհի վերջի մասին: