Հայաստանում արդեն ավանդական դարձած «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ին արդեն մի քանի տարի է՝ մասնակցում է նաև սիրիացի Մոհամադ Սադեկի ընտանիքը։
Մի քանի տարի առաջ Սիրիայից Հայաստան տեղափոխվելով՝ Մոհամադն ու իր ընտանիքը սկսեցին իրենց կյանքի նոր էջը։ Այդ բարդ ճանապարհին «Առաքելություն Հայաստան»-ը նրանց տրամադրել է աջակցություն, որն օգնել է հաղթահարել բարդ փուլերը, ձեռք բերել ինքնուրույնություն և ավելի հեշտ մերվել Հայաստանի համայնքային կյանքին։
Այսօր Սադեկներն ապրում են Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում, աշխատում, ստեղծում և իրենց ներդրումն ունեն համայնքի կյանքում։
Ծաղկունք գյուղում նոր կյանք կառուցելով՝ Մոհամադն ու նրա կինը՝ Սոֆին, իրենց որդիների և դստեր հետ միասին ավանդական զաաթարով հացի և արաբական պանիրների պատրաստման փորձառությունը վերածել են ընտանեկան հաջողված բիզնեսի՝ «Armavir Milk»-ի («Արմավիր Միլք»)։ Ընտանիքի արտադրանքը հայտնի է բարձր որակով, յուրահատուկ համերով և մատչելի գներով։
«Հայաստանում ապրելը մեզ ուրախություն և ապահովության զգացում է տալիս։ Մենք ցանկանում ենք մնալ այստեղ և մեր ներդրումն ունենալ այս հրաշալի երկրի կյանքում։ Հայրս միշտ կարևորում էր աշխատասիրությունը՝ ասելով. «Աշխատանքը արժանապատիվ կյանքի ճանապարհն է և այն է, ինչ քեզ հարգանք է բերում՝ աշխարհի որ անկյունում էլ լինես»», -ասում է Մոհամադ Սադեկը՝ հպարտ իր ընտանիքի ձեռքբերումներով և շնորհակալ այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք աջակցել են իրենց Հայաստանում։
«Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ի («Harvest Festival: Rural Life and Traditions») մշտական այցելուները լավ են ճանաչում Մոհամադին և նրա ընտանիքին և ծանոթ են նրանց պատրաստած համեղ ավանդական ուտեստներին ու արտադրանքին։


