image
Հրատապ լուրեր:

Պատրիարքական փոխանորդը` հարձակման մասին. Ոչ ոք իրավունք չունի համայնքի անունից խոսելու

Պատրիարքական փոխանորդը` հարձակման մասին. Ոչ ոք իրավունք չունի համայնքի անունից խոսելու

Ինչպես հայտնել էինք,  հոկտեմբերի 11-ին Ստամբուլի Գում Գափու շրջանում հարձակում էր տեղի ունեցել Պոլսո  հայոց պատրիարքարանի վրա: Հարձակումը կանխվել էր, սակայն տեղի ունեցածը մտահոգության առիթ էր դարձել հայության շրջանում, չնայած առաջին անգամ չէ, որ Թուրքիայում հայոց պատրիարքարանի վրա հարձակվելու փորձեր են կատարվում:

«Արեւելքի» խնդրանքով, մեկնաբանելով տեղի ունեցածը, Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը նշեց, որ ընդհանուր առմամբ մտահոգվելու կարիք չկա, քանի որ հարձակումը շատ արագ կանխվել է: «Գում Գափուի շրջանից ինչ-որ անգիտակից երիտասարդներ, ինչ-որ  բանից ազդված, պատրիարքարան էին եկել քարերով, բարեբախտաբար  ոստիկանությունը շատ արագ  միջամտել է, ուրիշ ոստիկանական  ուժեր էլ են հասել, խումբը  փախել է, պատրիարքարանը վնաս չի կրել, բայց մենք բարձրաձայնեցինք այս մասին,  որ համապատասխան մարմինները տեղյակ լինեն` այսպիսի բաներ են տեղի ունենում»,-նշեց Արամ Աթեշյանը:  Նա տեղեկացրեց, որ տեղի ունեցածը քննարկվել է  պաշտոնյաների հետ, իսկ, պատասխանելով «Արեւելքի» այն հարցին, թե ինչի՞ հետ կարող է կապված լինել դեպքը, Սրբազանն ասաց, որ դժվար է ասել, սակայն ինքը համայնքում  բոլորին  հորդորել  է զգույշ լինել իրենց խոսքերի եւ հայտարարությունների մեջ:  

«Ամեն մարդ այստեղ թող իրեն  իշխանավոր չկարծի եւ համայնքի անունից հայտարարություններ չանի: Ես կրկին նշում եմ, որ ոչ ոք, պատրիարքարանից բացի, իրավունք չունի համայնքի անունից խոսելու, միակ պաշտոնական տեսակետը` հայությունը ներկայացնող, կարող է լինել միայն պատրիարքության խոսքը: Հատկապես թող զգույշ լինեն Թուրքիայի այս կամ այն կուսակցության մասին կարծիքներ հայտնելուց,  այս կամ այն քաղաքական ուժի օգտին խոսելուց: Այդ խոսողը լինի  հայ պատգամավոր, թե ուրիշ մեկը, կապ չունի»,- նշեց Պոլսո պատրիարքական փոխանորդը, ավելացնելով, որ այդ ամեն ինչը միայն   միայն կարող է վնասել հայայնքին:    «Մենք այստեղ  համայնքը ոտքի պահելու ուղղությամբ ենք ջանքեր թափում, ոչնչի չենք ուզում խառնվել, ոչինչ  չենք ուզում պահանջել: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան պիտի պահանջի, դա նորից պիտի լինի պատրիարքարանը: Յուրաքանչյուր մարդ, իհարկե,  կարող է իր անհատական գաղափարները փոխանցել,  արտահայտել, բայց թող շեշտի, որ դրանք իր անձնական կարծքիներն են, եւ հայության անունից խոսքեր տարածելու պարտականություն չվերցնի»,-ավելացրեց  Արամ Աթեշյանը: