Ամերիկահայ հայտնի լուսանկարիչ, Օբամայի լավագույն լուսանկարների հեղինակ համարվող Սկաութ Թուֆանկջյանն Արցախում է: Նա Թումոյի և HALO TRUST ընկերության համագործակցության շրջանակներում վավերագրական լուսանկարչության աշխատարան է վարում արցախյան Թումոյի ուսանողների համար:
Մայիսի 19-ին Սկաութն իր փորձառության և իր վերջերս լույս տեսած «Գոյություն ունի միայն Երկիրը. լուսանկարներ «Հայկական սփյուռք» նախագծից» գրքի մասին կպատմի հանրությանը՝ բաց դասախոսության ժամանակ:
Գրքի նյութերի վրա աշխատելիս Սկաութ Թուֆանկջյանը եղել է ավելի քան 20 երկրներում՝ Հնդկաստանից մինչև Ավստրալիա և ցեղասպանությունից հարյուր տարի անց հավաքագրել հայկական համայնքների պատմություններ:
Սկաութ Թուֆանկջյանը հանրահայտ ֆոտոլրագրող է, նա 2006-2008 թթ եղել է միակ լրագրողը, որ հետևել է սենատոր Բարաք Օբամային՝ քարոզարշավի սկզբից մինչև քվեարկության արդյունքները: Հայուհին այդ ընթացքում 12,000 լուսանկար է արել, որոնց մեծ մասը համարվել են Բարաք Օբամայի լավագույն լուսանկարները:
2012 թվականին Սկաութը լուսանկարել է Միշել և Բարաք Օբամաներին՝ գրկախառնված, որից հետո լուսանկարը հայտնվել է Օբամայի Ֆեյսբուքի և Թուիթերի պաշտոնական էջերում արդեն երկրորդ նախագահական ընտրության գիշերը (նոյեմբերի 6, 2012 թ) և արձանագրել ռեկորդային հավանումներ ու ռեթուիթներ:
Սկաութը հաճախ է այցելում Հայաստան:




Լուսանկարները՝ Սկաութ Թուֆանկջյանի