Հայ աղջկա և արաբ տղայի ամուսնության մասին պատմող մի ֆիլմ էր նկարահանվել Լիբանանում, որտեղ ներկայացվում է հայկական պար: Իր բազմամյա ավանդույթներով Լիբանանում հայտնի «Նոր սերունդ» մշակութային միության «Արեգ» պարախումբն էր ներկայացնում այդ պարը: «Ամեն անգամ, որ հեռուստատեսությամբ ցույց են տալիս, մեզ համար մեծ հպարտություն է»,-ասում է մշակութային միության վարչության անդամ Անի Եփրեմյանը:
Նա էր, որ այլ հայրենասեր գործիչների հետ 14 տարի առաջ նոր կյանք տվեց պարախմբին: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության՝ դեռեւս 1952թ-ին ստեղծված «Նոր սերունդ« միության պարախումբը պատերազմի ու այլ պաԱտճառներով դադարեցրել էր գործունեությունը: Անի Եփրեմյանը, որ մի քանի տարի պարել է խմբում, իր պարտքն է համարել նոր շունչ տալ «Արեգ»-ին:
«2004-ին ստանձնեցի «Նոր սերունդ»-ի վարչությունը և հրավիրեցի Երևանի պետական ասամբլի գեղարվեստական ղեկավար Ասատուր Կարապետյանին, որպեսզի ստանձնի պարախումբը: Մեր խումբը կազմեցինք, պարոն Ասատուրը հոյակապ աշխատանք տարավ, 2007թ-ին տվինք մեր առաջին ելույթը, որից հետո խումբը բազմացավ: Քիչ թվով էինք սկսել, բայց այսօր ունենք 120 անդամ»,-ներկայացնում է Անի Եփրեմյանը:
Այնուհետև խմբի ղեկավարությունը ստանձնեցին այլ մշակութային գործիչներ՝ Հայաստանից հրավիրված Մարտին Պողոսյանը, Արտավազդ Ավետիսյանը, որին հաջորդեց լիբանանահայ Շահե Դեմիրճյանը:
Բոլորն էլ իրենց ներդրումն են ունեցել պարախմբի զարգացման ու Լիբանանում հայ մշակույթը ճանաչելի դարձնելու գործում: «Մեր պարախումբը մասնակցում է յուրաքանչյուր փառատոնի, մեզ հրավիրում են: Տեղացի ժողովուրդը, երբ որ տեսնում է հայկական մշակույթը, հայ պարը, ուղղակի հիանում է, իսկ մենք այդ առիթը տալիս ենք: Եթե իրենք չգան դիտելու, մենք ենք գնում իրենց մոտ, որ տեսնեն և գնահատեն հայ մշակույթը, հայ պարը»,-նշում է մշակութային միության վարչության անդամը:
Լինում են նաև առիթներ, երբ օտարներն են գալիս և ներկա լինում ելույթներին, իսկ դրան նպաստում են մասնակիցները, որոնց թվում նաև խառն ամուսնություններ ունեցող ծնողների զավակներ են: Եփրեմյանը օրինակ է բերում.
«Մենք 4 անգամ ելույթ ունեցանք, շուրջ 2000 հոգի ներկա եղան: Նրանց մեջ, կարող եմ ասել, որ 500-ից ավելին օտարներ էին, և մեզ համեմատում էին Լիբանանի լավագույն պարախմբերի հետ, մեզ համար սա է կարևորը, մեզ համար կարևոր է հայ մշակույթը օտարին ներկայացնելը»:
Իսկ դա, վստահ է, հաջողությամբ են անում: Դա նաև նվիրյալ պարողների շնորհիվ է՝ 5-25 տարեկան այն պատանիների ու երիտասարդների, ովքեր կամավորության սկզբունքով շաբաթական երեք անգամ ներկա են գտնվում «Արեգ»-ի փորձերին, ջանք չեն խնայում պարախմբի առաջընթացի գործում:
Լիբանանում երեք հայկական պարախմբեր են գործում, «Արեգ»-ին զուգահեռ կան նաև Համազգային միության ու ՀԲԸՄ-ի խմբերը, որոնք միմյանց նկատմամբ բարեկամական վերաբերմունք ունեն:
Լիբանանում ներկայացվածությունն ապահովելու խնդիր չունի պարախումբը, այսօր արդեն մեծ ցանկություն ունեն հայրենիքում ավելի հաճախ ներկայանալ, ցույց տալ հնարավորություններն ու այն աշխատանքը, որ տանում են հայ միությունները սփյուռքում: Իսկ դրա համար մեծ հնարավորություններ չեն տրված նրանց:
Վերջին անգամ 3 տարի առաջ՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով են նման հնարավորություն ունեցել ու հիացմունք պատճառել հայ հանդիսատեսին: «Մենք պիտի մասնակցեինք «Հայաստան» փառատոնին, սակայն Հայաստանի վերջին իրադարձություններից հետո հետաձգվեց, բայց մեր փափագն է, որ մասնակցենք: Ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ մեր պարախումբը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում հոյակապ ելույթ ունեցավ, ինձ մոտ եկան սփյուռքի նախարարության պատասխանատուները, ցանկություն հայտնեցին, որ շարունակի խումբը Հայաստանում ելույթներ ունենալը»,-ասում է հիմնադիրը:
Անի Եփրեմյանը հույս է հայտնում, որ հետագայում իրենց աշխատանքը Հայատանում ներկայացնելու առիթներ ավելի հաճախ կստեղծվեն: Ասում է. «Մեր միակ փափագն է, որ հայրենիքում ելույթ ունենանք և երեխաներին բերենք հայրենիք, սպասում ենք սփյուռքի նոր նախարարից, որ նման միջոցառումներ կազմակերպի, մեր երեխաները գան, ծանոթանան մեր հրաշալի հայրենիքին»:
Հարցազրույցը ՝Վարդուհի Արզումանյանի