image

Մեր միակ փափագն է, որ հայրենիքում ելույթ ունենանք. Լիբանանի «Արեգ» պարախմբի հիմնադիր Անի Եփրեմյան

Մեր միակ փափագն է, որ հայրենիքում ելույթ ունենանք. Լիբանանի «Արեգ» պարախմբի հիմնադիր Անի Եփրեմյան

Հայ աղջկա և արաբ տղայի ամուսնության մասին պատմող մի ֆիլմ էր նկարահանվել Լիբանանում, որտեղ ներկայացվում է հայկական պար: Իր բազմամյա ավանդույթներով Լիբանանում հայտնի «Նոր սերունդ»  մշակութային միության «Արեգ» պարախումբն էր ներկայացնում այդ պարը:  «Ամեն անգամ, որ հեռուստատեսությամբ ցույց են տալիս,  մեզ համար մեծ հպարտություն է»,-ասում է մշակութային միության վարչության անդամ Անի Եփրեմյանը:

Նա էր, որ այլ հայրենասեր գործիչների հետ 14 տարի առաջ նոր կյանք տվեց պարախմբին: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության՝ դեռեւս 1952թ-ին ստեղծված «Նոր սերունդ« միության պարախումբը պատերազմի ու այլ պաԱտճառներով դադարեցրել էր գործունեությունը: Անի Եփրեմյանը, որ մի քանի տարի պարել է խմբում, իր պարտքն է համարել նոր շունչ տալ «Արեգ»-ին:

«2004-ին ստանձնեցի «Նոր սերունդ»-ի վարչությունը և հրավիրեցի Երևանի պետական ասամբլի գեղարվեստական ղեկավար Ասատուր Կարապետյանին, որպեսզի ստանձնի պարախումբը: Մեր խումբը կազմեցինք, պարոն Ասատուրը հոյակապ աշխատանք տարավ, 2007թ-ին տվինք մեր առաջին ելույթը, որից հետո խումբը բազմացավ:  Քիչ թվով էինք սկսել, բայց այսօր ունենք 120 անդամ»,-ներկայացնում է Անի Եփրեմյանը:

Այնուհետև խմբի ղեկավարությունը ստանձնեցին այլ մշակութային գործիչներ՝ Հայաստանից հրավիրված Մարտին Պողոսյանը, Արտավազդ Ավետիսյանը, որին հաջորդեց լիբանանահայ  Շահե Դեմիրճյանը:

Բոլորն էլ իրենց ներդրումն են ունեցել պարախմբի զարգացման ու Լիբանանում հայ մշակույթը ճանաչելի դարձնելու գործում: «Մեր պարախումբը մասնակցում է յուրաքանչյուր փառատոնի, մեզ հրավիրում են: Տեղացի ժողովուրդը, երբ որ տեսնում է հայկական մշակույթը, հայ պարը, ուղղակի հիանում է, իսկ մենք այդ  առիթը տալիս ենք: Եթե իրենք չգան դիտելու, մենք ենք գնում իրենց մոտ, որ տեսնեն և գնահատեն հայ մշակույթը, հայ պարը»,-նշում է մշակութային միության վարչության անդամը:

Լինում են նաև առիթներ, երբ օտարներն են գալիս և ներկա լինում ելույթներին, իսկ դրան նպաստում են մասնակիցները, որոնց թվում նաև խառն ամուսնություններ ունեցող ծնողների զավակներ են: Եփրեմյանը օրինակ է բերում.

 

«Մենք 4 անգամ ելույթ ունեցանք, շուրջ 2000 հոգի ներկա եղան: Նրանց մեջ, կարող եմ  ասել, որ 500-ից ավելին օտարներ էին, և մեզ համեմատում էին Լիբանանի լավագույն պարախմբերի հետ, մեզ համար սա է կարևորը, մեզ համար կարևոր է հայ մշակույթը օտարին ներկայացնելը»:

 

Իսկ դա, վստահ է, հաջողությամբ են անում: Դա նաև նվիրյալ պարողների շնորհիվ է՝ 5-25 տարեկան այն պատանիների ու երիտասարդների, ովքեր կամավորության սկզբունքով շաբաթական երեք անգամ ներկա են գտնվում «Արեգ»-ի փորձերին, ջանք չեն խնայում պարախմբի առաջընթացի գործում:

Լիբանանում երեք հայկական պարախմբեր են գործում, «Արեգ»-ին զուգահեռ կան նաև Համազգային միության ու ՀԲԸՄ-ի խմբերը, որոնք միմյանց նկատմամբ բարեկամական վերաբերմունք ունեն:

Լիբանանում ներկայացվածությունն ապահովելու խնդիր չունի պարախումբը, այսօր արդեն մեծ ցանկություն ունեն հայրենիքում ավելի հաճախ ներկայանալ, ցույց տալ հնարավորություններն ու այն աշխատանքը, որ տանում են հայ միությունները սփյուռքում: Իսկ դրա համար մեծ հնարավորություններ չեն տրված նրանց:

Վերջին անգամ 3 տարի առաջ՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով են նման հնարավորություն ունեցել ու հիացմունք պատճառել հայ հանդիսատեսին: «Մենք պիտի մասնակցեինք «Հայաստան» փառատոնին, սակայն Հայաստանի վերջին իրադարձություններից հետո հետաձգվեց, բայց մեր փափագն է, որ  մասնակցենք: Ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ մեր պարախումբը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում հոյակապ ելույթ ունեցավ, ինձ մոտ եկան սփյուռքի նախարարության պատասխանատուները, ցանկություն հայտնեցին, որ շարունակի խումբը Հայաստանում ելույթներ ունենալը»,-ասում է հիմնադիրը:

 

Անի Եփրեմյանը հույս է հայտնում, որ հետագայում իրենց աշխատանքը Հայատանում ներկայացնելու առիթներ ավելի հաճախ կստեղծվեն: Ասում է. «Մեր միակ փափագն է, որ հայրենիքում ելույթ ունենանք և երեխաներին բերենք հայրենիք, սպասում ենք սփյուռքի նոր նախարարից, որ նման միջոցառումներ կազմակերպի, մեր երեխաները գան, ծանոթանան մեր հրաշալի հայրենիքին»:

Հարցազրույցը ՝Վարդուհի  Արզումանյանի