Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայից «Արեւելքին» տեղեկացրեց, որ ուրբաթ երեկոյան երկրի մայրաքաղաքում անսպասելի ծագած խոշոր ահաբեկչության առթիվ Ֆրանսիայում վախի մթնոլորտ է տիրում: «Մարդիկ Փարիզում չեն կարողանում հասնել իրենց տները, հազարավոր մարդիկ փողոցներում են և ապաստաններ են փնտրում մոտակայքում: Անծանոթներն իրենց տներն են տրամադրում ահաբեկչության քաոսի պատճառով փողոցում մնացած մարդկանց»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ ահաբեկիչները գործել են առանց դիմակի, նրանք արևելյան դիմագծերով մարդիկ են: Մեր զրուցակիցը նաև ասաց, որ չնայած երկրում տիրող իրավիճակին, ֆրանսիացիները վստահ են` կառավարությունը տիրապետում է իրավիճակին: Քիչ առաջ, ինչպես տեղեկացրեց Հիլդա Չոբոյանը, կառավարական ուժերը հարձակում են սկսել Bataclan համերգասրահի վրա` ազատելու այնտեղ գտնվող հարյուրավոր պատանդների և օգնության հասնելու վիրավորներին: Վերջին տվյալներով երկու ահաբեկիչ է սպանվել: