image

ՀՀ քաղաքացիություն ունեցող 40 սիրիահայ ընտանիք Շվեդիայից վտարվելու վտանգի առջեւ է

ՀՀ քաղաքացիություն ունեցող 40 սիրիահայ ընտանիք Շվեդիայից վտարվելու վտանգի առջեւ է

Սիրիայի պատերազմի պատճառով Շվեդիայում իբրեւ գաղթական հաստատված ոչ բոլոր սիրիահայերն են օգտվում երկրի՝ գաղթականության համար սահմանված օրենքներից: Մինչ ոմանք արդեն կայուն աշխատանք եւ կեցություն ունեն երկրում, որոշները կանգնած են Շվեդիայից վտարվելու վտանգի առջեւ: Այդ մասին «Արեւելքն» ահազանգ ստացավ Շվեդիայից, ուր սիրիահայերի մոտ 40  ընտանիք այս պահին սպասում է երկրից դուրս դրվելու որոշմանը: Պատճառը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Շվեդիայում ապրող սիրիահայ  բժիշկ Թովմաս Հակոբյանը, այդ հայերի՝ Հայաստանի հանրապետության անձնագիր ունենալու փաստն է: «Նրանք արդեն երկրում հաստատվելու վերջնական մերժում են ստացել Շվեդիայի կառավարությունից, եւ ամեն վայրկյան սպասում են վտարվելու որոշմանը»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ մերժման պաշտոնական պատճառ չի նշվում, բայց ենթադրվում է, որ այն քաղաքական է եւ կապված է Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ նախկինում ունեցած ինչ-որ համաձայնության հետ, որն այսօր արդեն չկա: Այլ աղբյուրներ նշում են, որ Շվեդիայի կառավարությունը նման միջոցներ է կիրառում ընդհանրապես երկքաղաքացիություն ունեցող բոլոր գաղթականների հանդեպ, որոնք իրենց հիմնական անձնագրից բացի, ունեն նաեւ  երկրորդ երկրի անձնագիր:

Ըստ Թովմաս Հակոբյանի, վերջնական մերժում ստացած սիրիահայերը տագնապի մեջ են, քանի որ արդեն   շուրջ 5-6 տարի է՝ Շվեդիայում են ապրում, հարմարվել են երկրին, գտել են աշխատանք, նրանց երեխաները հաճախում են տեղի կրթական հաստատություններ, սովորել են լեզուն եւ դուրս դրվելուց հետո չեն պատկերացնում, թե ո՞ւր կարող են գնալ:

Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ նրանք ակնկալություններ ունեն Հայաստանի նոր կառավարությունից, որը թերեւս կարողանա Շվեդիայի հետ վերականգնել սիրիահայ գաղթականության հարցով պայմանավորվածությունը կամ ձեռք բերել նոր պայմանավորվածություն: 

Նշենք, որ ժամանակին շատերը մտահոգություն էին հայտնել սիրիահայերին ՀՀ անձնագիր շռայլելու առումով, քանի որ Սիրիայի պատերազմից հետո բազմաթիվ սիրիահայեր Հայաստան էին եկել հայկական անձնագիր ստանալու եւ դրանով եվրոպական երկրներ մուտք գործելու համար: Այդ առումով ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը սիրիահայերին նվիրված մի գիտաժողովի ժամանակ ասել էր.

«Որոշ զբոսաշրջային ընկերություններ ՀՀ  քաղաքացիություն ստացած սիրիահայերից հազարավոր դոլարների, եվրոների կաշառքներ վերցրին, սիրիահայերին տեղափոխեցին եվրոպական երկրներ եւ մինչեւ հիմա որեւէ կազմակերպության դեմ քրեական գործ չի հարուցվել դրա համար: Սա հանցագործություն է: Ճիշտ է՝ մենք սիրում ենք սիրիահայերին, բայց հայկական անձնագիրը սրբություն է, եւ չէր կարելի հայկական անձնագրով հայտնվել Եվրոպայում, հետո նետել այն, հանել եւ ցույց տալ սիրիականը եւ ներկայանալ Կրետեից, Մալթայից կամ  Թուրքիայից նավակներով հասած գաղթականներ եւ փորձել ստանալ քաղաքացիություն»:

Բազմաթիվ սիրիահայեր դրանից հետո հայտնվել են ավելի վատ վիճակի մեջ, քանի որ  եվրոպական որոշ երկրներ, դիվանագիտական խողովակներով հարցում անելուց հետո, երբ պարզել են, որ նրանք Հայաստանի հանրապետության քաղաքացիներ են, դեպորտի են ենթարկել նրանց: