Հայաստանում մեկնարկել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության կազմակերպած Համաավետարանական երիտասարդական համագումարը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հարյուրավոր երիտասարդներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Այստեղ նրանց են միացել Հայաստանյաց Ավետարանական եկեղեցու մի խումբ անդամներ, եւ շուրջ 150 երիտասարդներ առաջիկա օրերին Հայաստանում և Արցախում մասնակցելու են եզակի այս հավաքույթին:
Ինչպես «Արեւելքին» տեղեկացնում են Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հայաստանյան գրասենյակից, համագումարը նվիրված է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության 100-ամյակին: 100 տարի առաջ, ԱՄՆ-ում, հիմնելով այս կառուցը, հիմնադիրները, շնորհիվ նաև Ավետարանչականին զորավիգ կանգնած եկեղեցիների, կարողացել են օժանդակել Մեծ Եղեռնից մազապուրծ հայերին` նյութական, հոգևոր, ընկերային, կրթական և այլ մարզերում: Այսօր էլ՝ հարյուր տարի հետո, նույնն է ընկերակցութեան տեսլականը՝ միշտ կանգնել հայ քրիստոնյայի կողքին, որն օգնության կարիք ունի: Այդ գաղափարախոսությունը մեկ անգամ եւս հաստատեցին Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության պատասխանատուները՝ 100-ամյակի առթիվ հրավիրված հատուկ համագումարի ընթացքում, ընկերակցության հայաստանյան կենտրոնի Եուահաննա եւ Մարի Չեքիջյանների եկեղեցասրահում, որտեղ հանդիսությանը մասնակից հյուրերի շարքում ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի փոխանախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

Օգոստոսի 2-16-ը նախատեսված համագումարին իրենց մասնակցությունն են բերել Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Միջին Արևելքից և Ավստրալիայից երիտասարդներ, որոնց մի մասն առաջին անգամ է ժամանում Հայաստան: Ինչպես նշեցին Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության պատասխանատուները, նրանք հայրենիքում հնարավորություն կունենան ավելի մոտիկից ծանոթանալու Աստծո գործին, ինչպես նաև առիթ կունենան տեղում այդ գործին մաս կազմելու: Նրանք կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, կայցելեն պատմական կենտրոններ, պաշտամունքներ և միջոցառումներ կունենան տարբեր վայրերում: ԱՀԱԸ-ին պատկանող Հանքավանի «Շիին Շողիկ» համագումարների կենտրոնից երիտասարդները փոքր խմբերով պետք է մեկնեն Հայաստանի տարբեր բնակավայրեր, որպեսզի անձնական օրինակով ծառայեն, վկայեն և տարածեն Քրիստոսի սերը:
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ, Վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը, ողջունելով համագումարի մասնակիցներին, ասաց, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության 100-ամյակը ինքնաճանաչման և ինքնաքննության ևս մեկ առիթ է՝ հասկանալու, թե ո՞վ ենք մենք, ի՞նչ է մեր եկեղեցին, որ հարյուրից ավելի տարիների կյանք ունի, ինչո՞ւ է գոյատևում, ի՞նչ նպատակով է ստեղծվել, ի՞նչ են այսօր մեր նպատակները և ո՞ւր ենք գնում: Ըստ Վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանի, այդ ինքնաճանաչումը հնարավորություն կտա երիտասարսներին, իբրև հայ և իբրև քրիստոնյա ավելի լավ գնահատելու յուրաքանչյուրն ինքնիրեն: Նա երիտասարդներին հորդորեց կառչել Ավետարանի ճշմարտություններից և բացել «սրտի աչքերը»՝ հասկանալու համար, թե Աստված ինչո՞ւ է ստեղծել իրենց:


Երիտասարդներին ողջունեց նաև համագումարի տնօրեն՝ Վերապատվելի Նշան Բակալյանը, որը փառաբանության երգերից հետո ներկաներին առաջարկեց նաև հայկական երգերի միջոցով փորձել սկսել ինքնաճանաչման հայաստանյան ճանապարհը:

Ներկաները միասին հայկական սիրված երգեր կատարեցին, որից հետո Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն իր ելույթում կարևորեց Հայ Ավետարանչական Ընկերակցության դերը, որ մշտապես աշխարհասփյուռ հայերի կողքին է եղել և այսօր էլ պահպանում է իր պատմական առաքելությունը: Սփյուռքահայ երիտասարդներին նա ասաց, որ հայրենիքում անձամբ կտեսնեն թավշյա հեղափոխության արդյունքները և կոչ ուղղեց գալ ու հաստատվել Հայաստանում: «Վերադարձե՛ք հայրենիք, ձեզ հետ բերեք ձեր գաղափարները, գիտելիքներն ու մասնագիտությունը եւ մասնակից դարձեք նոր Հայաստանի կերտմանն ու կայացմանը»,-ասաց Սփյուռքի փոխնախարարը: Հայրենադարձության թեմայի շուրջ նա պատասխանեց ներկաների հարցերին, նշելով, որ վստահ կարող է ասել, թե իր՝ հայրենադարձի օրինակով Հայաստանում հաղթահարելի են սփյուռահայքի համար առկա բոլոր խնդիրները: Համագումարի մասնակիցներին ողջունեց նաեւ ՀԱԵ միության նախագահ Ալբերտ Փայտյանը: Տեսաուղերձով հանդես եկան ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, որ նշեց, թե համագումարի նպատակները ամփոփվում են չորս կետի շուրջ՝ խորացնել երիտասարդների ծանոթությունն Աստծո հետ, հայրենիքի հետ, ծանոթությունը՝ միմյանց հետ և վերջապես ինքնաճանաչման գործընթացը, որը նա նույնպես կարևոր համարեց երիտասարդների համար:
ԱՀԱԸ նախագահ Նազարեթ Դարակչյանը, կրկին տեսաուղերձով ողջունելով ներկաներին, ասաց, որ Ընկերակցությունը հարյուրամյակի առթիվ դրամագոյացման արշավ է սկսվել, հավաքված գումարը ծախսվելու է Ընկերակցության ծրագրերի վրա և ուրախությամբ նշեց, որ նախատեսված քսան միլիոն դոլարի կեսն արդեն հավաքվել է:
ՀԱԵ համառոտ պատմությունն ու գործունեությունը ներկայացրեց Վեր. Հովհաննես Հովսեփյանը:
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը պատմեց Հայաստանում ԱՀԱԸ-ը գործունեության մասին: Ներկաները մեկ անգան ևս վերհիշեցին, որ ԱՀԱԸ-ն առաջին անգամ Հայաստանի ժողովրդին օգնության ձեռք է մեկնել 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո` մարդասիրական օգնություն և կամավորներ ուղարկելով երկրաշարժից տուժած շրջաններ:
1991 թ. Հայաստանում պաշտոնապես գրանցվելուց հետո, ԱՀԱԸ-ն հաստատել է իր մշտական ներկայությունը հայրենի երկրում: Շատ չանցած՝ Հայաստանում և Ղարաբաղում ձևավորվել են ԱՀԱԸ-ի գործունեության հիմնական ուղղությունները:
Ներկայումս, Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում իրականացվող իր տարբեր ծրագրերի միջոցով, ԱՀԱԸ-ին հասանելի է հազարավոր մարդկանց:
Հարութ Ներսեսյանը նշեց, որ Ընկերակցությունը, հարյուր տարեկան լինելով ոչ թե ծեր է, այլ՝ երիտասարդ և երիտասարդ է նախևառաջ իր կատարած և նախաձեռնած գործերով: Ցուցադրվեց տեսաֆիլմ՝ սիրիական Կոբանի շրջանից պատերազմական դժվարին պայմաններում նախ Թուրքիայի գաղթականական ճամբարներում հանգրվանած, ապա Հայաստան եկած Թովմասյան բազմանդամ ընտանիքի մասին, որի երեխաներին այսօր ձեռք է մեկնել Հայ Ավետարանչական ընկերակցությունը:
Հայաստանում և Արցախում տարբեր ծառայություններ իրականացնելուց հետո, հավաքի մասնակից երիտասարդները կվերադառնան Երևան, որտեղից օգոստոսի 16-ին կմեկնեն իրենց երկրները:
