Հալեպի Նոր Գյուղ թաղամասում այս պահին գտնվող սիրիահայ Շահե Մինասյանն «Արևելքին» տեղեկացնում է որ հալեպահայությունը կրկին ցնցվել է երեկ հայաբնակ Նոր Գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում տեղի ունեցած ծանր ռմբակոծումներից, որոնց հետևանքով զոհվել է չորս հայ, կան վիրավորներ ու նյութական մեծ վնասներ: Երեկ պայթյունից հետո, ինչպես տեղեկացնում է մեր զրուցակիցը, հայերը հնարավորություն չունեցան այցելելու դեպքի վայր, քանի որ ռմբակոծումները շարունակվում էին, և այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ռումբերից մեկն ընկել է «Զվարթնոց» եկեղեցու շրջակայքում գտնվող հայ արհեստավորի խանութի մոտակայքը, հրդեհվել են դիզվառելիքի տակառներ, ինչի հետևանքով էլ վնասները կրկնապատկվել են: Շրջակայքում գտնվող մյուս խանութներն ու բնակելի տները նույնպես վնասվել են: Զոհված հայերից երեքն այդ պահին գտնվել են նշված խանութում: «Հայությունը կրկին ցնցված է, մարդիկ վախի ու վշտի մեջ են»,-տեղեկացնում է Շահե Մինասյանը, նշելով, սակայն, որ հայությունը սովորաբար նման դեպքերում համախմբվում է և փորձում օգնել մեկը մյուսին:


Լուսանկարներում՝ Նոր Գյուղ թաղամասի խանութը, որտեղ զոհվել են հայերը/ «Արևելքին»