«Ելք» դաշինքի անդամները Լիբանանում հանդիպել են Փաղանգների կուսակցության ղեկավար Սամի Ժմայելի՝ Լիբանանի նախկին նախագահներից Ամին Ժմայելի որդու հետ: Սամի Ժմայելի գլխավորած կուսակցությունը ստեղծել է իր պապը՝ քաղաքական գործիչ Պիեռ Ժմայելը:
Կուսակցությունն արաբական աշխարհում հայտնի է նաև Քաթայիբ (հունարեն՝ փաղանգներ) անվանումով: 1936 թվականին ստեղծված կուսակցությունը պաշտպանում է Լիբանանի մարոնիտ համայնքի շահերը:
Մամուլից տեղեկանում ենք, որ լիբանանյան կուսակցական գործչի հետ հանդիպել են «Ելք» դաշինքից Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը:
Փաղանգների կուսակցությունը հանդիպման առթիվ հաղորդագրություն է տարածել, որում ողջունել է Հայաստանի թավշյա հեղափոխությունը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու Հայաստանի նոր իշխանության հետ: Այդ առումով կարևորվել են Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական ու խորհրդարանական կապերը: