image

Ցեղասպանության 80-ամյակի նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է օդային պայմանագիր. բացառիկ մանրամասներ 25 տարվա երկխոսությունից

Ցեղասպանության 80-ամյակի նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ  ստորագրվել է օդային պայմանագիր. բացառիկ մանրամասներ 25 տարվա երկխոսությունից

 Հայաստանն իր անկախության գրեթե քառորդ դարի ընթացքում փորձել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Ինչպես պետական, պաշտոնական մակարդակով, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ժողովրդական դիվանագիտության միջոցով փորձեր են արվել՝ հասնելու երկու պետությունների միջեւ սահմանի բացմանը: Ցավոք, երկու պետությունների միջեւ շփումները չեն հանգեցրել հարաբերությունների:

 

Այս մտահոգություններն են լրագրող Տիգրան Պասկեւիչյանին եւ ռեժիսոր Արա Շիրինյանին ուղեկցել դեպի Թուրքիա՝ նկարահանելու մի ֆիլմ, որում պատմվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձերի մասին:

 

Ֆիլմը երեկ ցուցադրվեց մայրաքաղաքի Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում:

«Փակ սահմանի երկխոսությունը» ֆիլմի  նկարահանումների մեծ մասն արվել է Թուրքիայում, որոշ նկարահանումներ էլ՝ Վրաստանում:  «Հերոսները» հայ եւ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ են, դիվանագետներ, դեսպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք ջանքեր են թափել` երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Նրանք մանրամասն պատմում եւ ներկայացնում են, թե ինչպիսի հանդիպումներ են ունեցել, ինչ քննարկումներ եւ զրույցներ են եղել իրենց միջեւ, որպեսզի քանդվի  չհասկացվածության պատը:

 

Ֆիլմը ներկայացնում է ՀՀ երեք նախագահների օրոք հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումների, բանակցությունների, այցերի  ողջ պատմությունը: Այդ հանդիպումների ժամանակ իրենց դերն են խաղացել նաեւ երրորդ երկրները, որոնք այս կամ այն կերպ միջամտել են հայ-թուրքական հարաբերություններին՝ ցույց տալով իրենց շահագրգռությունը:  

 

Ինչպես 2005թ. Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը նամակ հղեց Հայաստանի նախագահին՝ առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ ի՞նչ պատասխան ստացավ, ինչպես 2008-ին  Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը այցելեց Հայաստան, ինչպես 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները եւ այլն… Բոլոր այս  իրադարձությունների մանրամասները ներկայացված են Տիգրան Պասկեւիչյանի եւ Արա Շիրինյանի  վավերագրական ֆիլմում:

 

Երբ 1991 թ. դեկտեմբերի 7-ին ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ, Թուրքիան ճանաչեց ԽՍՀՄ-ից անջատված բոլոր պետություններին, բացի Հայաստանից:

 

1993-96թ.թ. ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանն, օրինակ, պատմում է, որ Հայաստանը երբեք հողային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային, շեշտել է, որ հանդես է գալիս որպես Լետնային Ղարաբաղի  անվտանգության երաշխավոր եւ հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք չէ կապել ԼՂ հիմնախնդրի հետ: Նա նշեց նաեւ, որ հարաբերությունները կարգավորելիս պետք չէ հղում անել պատմական այս կամ այն փաստաթղթին:

 

ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն էլ հիշում է, թե ինչպես Ցեղասպանության 80-ամյակի նախօրեին երկու երկրների միջեւ ստորագրվել է օդային պայմանագիրը:

 

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին նաեւ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանն ու թուրք պատմաբան, Թուրքիայի պատմության հիմնադրամի ներկայացուցիչ  Մեսութ Յաշար Թուֆանը:  Մեսութ Յաշար Թուֆանը նշեց, որ երբ տեղի էին ունենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները, նախկին պաշտոնյաների մեծ մասը թոշակառուներ  էին, եւ որեւէ խնդիր չի եղել, որպեսզի նրանք կարծիքներ հայտնեն:

 

«Փորձեցինք վերանայել պատմությունը եւ հասկանալ, թե ո՞ր կետերում ենք արել սխալներ»,- ասաց թուրք պատմաբանը:  Նա կարծիք հայտնեց նաեւ, որ Թուրքիան պետք է առերեսվի ճշմարտությանը եւ ժողովրդավարացվի: Միայն այդ դեպքում, ըստ նրա,  կարող են երկու երկրների հարաբերությունները բնականոն զարգացում ունենալ:

 

«Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմը նախատեսված է ցուցադրել երկու երկրներում էլ, այն թարգմանվելու է նաեւ անգլերեն:

                                                                        Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ