image

Այսօր որբեր չկան, բայց գաղութներ կան, որոնք որբացած են՝ հայության իմաստով. Գառնիկ Մկրտչյան

Այսօր որբեր չկան, բայց գաղութներ կան, որոնք որբացած են՝ հայության իմաստով. Գառնիկ Մկրտչյան

26 երկրներում գործող ՀՄԸՄ 110 մասնաճյուղերի մեծ մասն այս օրերին Հայաստանում է, հոմենթմենականները ներկա են ոչ թե որպես հյուր, այլ որպես զավակ այն երկրի, ուր վերադառնալու երազանքը բոլորն ունեն: Դեպի երկիր վերադարձը Հոմենթմենի ղեկավարությունը միշտ խրախուսել է, բայց հիմա  այդ մասին արդեն ավելի հաճախ է խոսվում:

 

Ձուլումից փրկվելու միակ ճանապարհը հայրենադարձությունն է համարում լիբանանահայ գործիչ,  ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը: «Ձուլումը կա, և մենք միշտ ասել ենք, որ դրա դեմ պայքարելու միակ միջոցը դեպի երկիր գնալն է:  Երկիրն է, հայրենիքն է, որ մեր ժողովրդի բոլոր զավակներին փրկում է ձուլումից: Հայրենադարձությունը կամրացնի Հայաստան-սփյուռք անքակտելի կապը»,- «Արեւելք-ի հետ զրույցում ասում է Գառնիկ Մկրտչյանը:

Միության 100-ամյակի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների, հավաքների, բանակումների ու քայլերթերի ժամանակ այս միտքն այս կամ այն կերպ ունեցել են Հայաստանում ներկա մոտ 1400 հոմենթմենականները:  Իսկ միջոցառումները հարուստ էին, բազմաբովանդակ՝ պլանավորված դեռևս երկու տարի առաջ, պատմում է Կենտրոնական վարչության ատենապետը.

«Հոմենթմենի գաղափարախոսությունն է, որ կփորձենք տարածել, ձգտում ենք ՀՄԸՄ-ը ծանոթացնել թե՛ Հայաստանի ժողովրդին, թե՛ սփյուռքի տղոց համար փաստել, որ տեղի է ունենում այն, ինչ սպասում էին տարիներ շարունակ, ինչի մասին  երազում էին 100 տարի առաջ՝ իրենց պապերից սկսած, դա այն է,  որ Հոմենթմենը ինչպե՛ս պիտի Հայաստանում իր հարյուրամյակը տոնի»:

Մեկ դար առաջ, երբ ստեղծվում էր ՀՄԸՄ-ն, բոլորովին այլ էր առաքելությունը, այսօր փոխվել է այն, սակայն չեն փոխվել նպատակները, գաղափարախոսությունը, նշում է մեր զրուցակիցը:

«Հոմենթմենն  իր ստեղծման առաջին օրից միշտ եղել է ժողովրդի հետ, ժողովրդի համար: Այն  ստեղծվել էր ժողովրդի կարիքների համար՝ որբախնամ աշխատանքների նպատակով,  այսօր որբեր չկան, բայց գաղութներ կան, որոնք որբացած են՝ հայության իմաստով: Հոմենթմենն այդ բոլորը հավաքող միությունն է»,-վստահ է կառույցի ատենապետը:

 

Որբացած գաղութները ոչ թե պետք է անհետանան, այլ վերամիավորվեն նոր իմաստով, այս տեսլականով են կոչեր հնչեցնում Հայաստան վերադառնալու, իսկ դա, ըստ մեր զրուցակցի, ամենեւին էլ  չի վտանգում սփյուռքի կառույցների գոյությունը.

«Ավելիով իրագործված է նպատակը, և առաջիկայում նաեւ հայ ժողովրդի հետ լինելու, հայրենիքի հետ լինելու  կոչված աշխատանքներ է տանում:  Վերադառնալ Հայաստան, պետականության կողքին գործել, եւ ինչ որ հայրենիքը պահանջում է ՀՄԸՄ-ից,  այն միշտ պատրաստ է, իր նշանաբանն է այդպիսին, եւ միությունը տարիներ շարունակ սփյուռքի մեջ ճանաչված է որպես կամավոր բանակ: Այդ կամավոր բանակն այսօր եկել է ասելու՝ պետության կողքին ենք եւ պատրաստ ենք պետության հետ գործակցելու ամեն քայլափոխի»,-ասում է Գառնիկ       Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ կառույցն այսօր լուրջ խնդիրներ չունի, անդամների պակաս չունի, նվազելու փոխարեն նրանց թիվն աճում է, հասել է մինչև 28 հազարի:

«Խնդիրներ չկան, կան մեզ համար լուծելի հարցեր, արդեն կան ծրագրեր ամեն քառամյակի համար ճշտված եւ իրագործելի»,-ասում է միության 8 տարիների ատենապետը:

 

Ութ տարի ատենապետ է, բայց 54-ամյա հոմենթմենականն այս շարքերում է 3 տարեկանից: Ճանապարհը, որն անցել է, բնութագրում է այսպես.

«Բավական հաճելի, երբեմն երկչոտ, բավական դժվարություններով, բայց արդեն շատ լավ ընթացքով»: