26 երկրներում գործող ՀՄԸՄ 110 մասնաճյուղերի մեծ մասն այս օրերին Հայաստանում է, հոմենթմենականները ներկա են ոչ թե որպես հյուր, այլ որպես զավակ այն երկրի, ուր վերադառնալու երազանքը բոլորն ունեն: Դեպի երկիր վերադարձը Հոմենթմենի ղեկավարությունը միշտ խրախուսել է, բայց հիմա այդ մասին արդեն ավելի հաճախ է խոսվում:
Ձուլումից փրկվելու միակ ճանապարհը հայրենադարձությունն է համարում լիբանանահայ գործիչ, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը: «Ձուլումը կա, և մենք միշտ ասել ենք, որ դրա դեմ պայքարելու միակ միջոցը դեպի երկիր գնալն է: Երկիրն է, հայրենիքն է, որ մեր ժողովրդի բոլոր զավակներին փրկում է ձուլումից: Հայրենադարձությունը կամրացնի Հայաստան-սփյուռք անքակտելի կապը»,- «Արեւելք-ի հետ զրույցում ասում է Գառնիկ Մկրտչյանը:
Միության 100-ամյակի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների, հավաքների, բանակումների ու քայլերթերի ժամանակ այս միտքն այս կամ այն կերպ ունեցել են Հայաստանում ներկա մոտ 1400 հոմենթմենականները: Իսկ միջոցառումները հարուստ էին, բազմաբովանդակ՝ պլանավորված դեռևս երկու տարի առաջ, պատմում է Կենտրոնական վարչության ատենապետը.
«Հոմենթմենի գաղափարախոսությունն է, որ կփորձենք տարածել, ձգտում ենք ՀՄԸՄ-ը ծանոթացնել թե՛ Հայաստանի ժողովրդին, թե՛ սփյուռքի տղոց համար փաստել, որ տեղի է ունենում այն, ինչ սպասում էին տարիներ շարունակ, ինչի մասին երազում էին 100 տարի առաջ՝ իրենց պապերից սկսած, դա այն է, որ Հոմենթմենը ինչպե՛ս պիտի Հայաստանում իր հարյուրամյակը տոնի»:
Մեկ դար առաջ, երբ ստեղծվում էր ՀՄԸՄ-ն, բոլորովին այլ էր առաքելությունը, այսօր փոխվել է այն, սակայն չեն փոխվել նպատակները, գաղափարախոսությունը, նշում է մեր զրուցակիցը:
«Հոմենթմենն իր ստեղծման առաջին օրից միշտ եղել է ժողովրդի հետ, ժողովրդի համար: Այն ստեղծվել էր ժողովրդի կարիքների համար՝ որբախնամ աշխատանքների նպատակով, այսօր որբեր չկան, բայց գաղութներ կան, որոնք որբացած են՝ հայության իմաստով: Հոմենթմենն այդ բոլորը հավաքող միությունն է»,-վստահ է կառույցի ատենապետը:
Որբացած գաղութները ոչ թե պետք է անհետանան, այլ վերամիավորվեն նոր իմաստով, այս տեսլականով են կոչեր հնչեցնում Հայաստան վերադառնալու, իսկ դա, ըստ մեր զրուցակցի, ամենեւին էլ չի վտանգում սփյուռքի կառույցների գոյությունը.
«Ավելիով իրագործված է նպատակը, և առաջիկայում նաեւ հայ ժողովրդի հետ լինելու, հայրենիքի հետ լինելու կոչված աշխատանքներ է տանում: Վերադառնալ Հայաստան, պետականության կողքին գործել, եւ ինչ որ հայրենիքը պահանջում է ՀՄԸՄ-ից, այն միշտ պատրաստ է, իր նշանաբանն է այդպիսին, եւ միությունը տարիներ շարունակ սփյուռքի մեջ ճանաչված է որպես կամավոր բանակ: Այդ կամավոր բանակն այսօր եկել է ասելու՝ պետության կողքին ենք եւ պատրաստ ենք պետության հետ գործակցելու ամեն քայլափոխի»,-ասում է Գառնիկ Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ կառույցն այսօր լուրջ խնդիրներ չունի, անդամների պակաս չունի, նվազելու փոխարեն նրանց թիվն աճում է, հասել է մինչև 28 հազարի:
«Խնդիրներ չկան, կան մեզ համար լուծելի հարցեր, արդեն կան ծրագրեր ամեն քառամյակի համար ճշտված եւ իրագործելի»,-ասում է միության 8 տարիների ատենապետը:
Ութ տարի ատենապետ է, բայց 54-ամյա հոմենթմենականն այս շարքերում է 3 տարեկանից: Ճանապարհը, որն անցել է, բնութագրում է այսպես.
«Բավական հաճելի, երբեմն երկչոտ, բավական դժվարություններով, բայց արդեն շատ լավ ընթացքով»: