image
Հրատապ լուրեր:

Արամ Աբրահամյան. Ինձ դուր են գալիս սիրիահայերը

Արամ Աբրահամյան. Ինձ դուր են գալիս սիրիահայերը

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի նյութը` Հայաստան տեղափոխված սիրիահայերի մասին.

             

                  Նոր երանգ մեր կյանքում

 

Ինձ դուր են գալիս սիրիահայերը: Համեստ, պարկեշտ, աշխատասեր, հարգալից, արժանապատիվ մարդիկ են: Նկատի ունեմ այն մարդկանց, որոնք եկել են Հայաստան: Ենթադրում եմ, որ հարուստներն այստեղ չեն եկել՝ ավելի լավ, ավելի բարեկեցիկ երկրներ են գնացել: Իսկ մեր կողքին ապրում են միջին խավի ներկայացուցիչները՝ մանր կրպակների սեփականատերեր, արհեստավորներ, սննդի օբյեկտներ «աշխատեցնողներ»: Այնտեղ, որտեղ դրանց «մենեջմենթը» ստանձնում են սիրիահայերը, այնտեղ թե մաքրության, թե սննդի որակի եւ թե սպասարկման հարցերն ավելի լավ են լուծվում: Չկա նրանց մեջ այն ցինիզմն ու «քոքվածությունը», որ հաճախ նկատում ենք նախկին «սովետահայերի» մոտ: Ինչպե՞ս են սիրիահայերը ապրել Ասադների «լավ տարիներին»: Իրենց խոսքերով՝ «ազատ»: «Ազատ»-ը, բնականաբար, չի նշանակում, որ նրանք հանրահավաքներ են արել եւ հայհոյել են Ասադի բռնապետական ռեժիմը՝ դա նրանց ոչ ոք թույլ չէր տա, եւ նման ձգտումներ մեր հայրենակիցները, որքան հասկանում եմ, չունեին: «Ազատ»-ը չի նշանակում նաեւ, որ նրանք պետական պաշտոններ են ունեցել: Պարզապես նրանք ազատորեն կարողանում էին զբաղվել իրենց առեւտրով կամ արհեստով: Արդյո՞ք սիրիահայերը արաբ չինովնիկներին կաշառք էին տալիս: Իրենց ասելով՝ այո: Բայց դա անում էին տարին մի անգամ, որից հետո նրանց հանգիստ էին թողնում: «Ոչ թե այստեղի նման»,- ավելացնում են իմ զրուցակիցները: Սիրիան կայացած պետություն էր՝ այո, փոքրամասնության թելադրած բռնապետական ռեժիմով եւ կոռուպցիայով: Բայց այդ պետությունը այնտեղ իրենց հայրենիքը գտած մեր հայրենակիցների 3-4 սերունդների մեջ դաստիարակել է որոշակի մշակույթ, որտեղ հարգի է աշխատասիրությունն ու պարկեշտությունը: Մինչդեռ խորհրդային եւ հետխորհրդային ռեժիմը հայաստանցիներից շատերի մեջ դաստիարակել է «շուստրիություն» եւ զոռբայություն: Հասկանում եմ, որ մենք եւ սիրիահայերը ապրել ենք չափազանց տարբեր պայմաններում, յուրաքանչյուրս ունենք մեր առավելություններն ու թերությունները: Բայց այն, որ մենք տարբեր ենք՝ հենց դա՛ է հրաշալի: Մեր մշակույթը (լայն իմաստով) թարմ ուժերի կարիք ունի: Մոնոէթնիկ պետություն լինելը մի կողմից՝ լավ է՝ չկա անջատողականության եւ ազգային հողի վրա հուզումների վտանգ, մյուս կողմից՝ վատ, որովհետեւ մենք եփվում ենք սեփական կաթսայում, ճահճանում ենք: Եվ ահա Սիրիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով մեր կողքին են հայտնվել մեր իսկ էթնոսի ներկայացուցիչները, որոնք, սակայն, ներկայացնում են բոլորովին այլ մշակույթ, եւ որոնցից մենք շատ բան ունենք սովորելու: Երբ մտնում եմ որեւէ սրճարան, ճաշարան, խանութ, որտեղ սիրիահայերն են աշխատում, վստահ եմ, որ ինձ այնտեղ չեն խաբի, բարեհամբույր կսպասարկեն եւ կտան նորմալ որակի ապրանք: Ի դեպ, մատչելի գներով: Գուցե այդ ապրանքը գնելով մենք օգնո՞ւմ ենք մեր եղբայրներին: 

 

www.aravot.am