image

ՏՐԱՊԻԶՈՆԻ ՀԱՅԵՐԻ ԲՌՆԱԳԱՂԹԸ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից

ՏՐԱՊԻԶՈՆԻ ՀԱՅԵՐԻ ԲՌՆԱԳԱՂԹԸ  «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից

Լուսանկարն արվել է ռուսական զորքերի Տրապիզոն մտնելուց առաջ և փոխանցվել է ֆրանսիական «L'Illustration» թերթի թղթակից Էռնեստ Սիմեին: Տեսարանը ներկայացնում է թուրք ոստիկանների մուտքը հայկական թաղամաս, տների խուզարկումն ու կողոպտումը: Այնուհետև խմբերով, տղամարդկանց՝ մի կողմում, կանանց ու երեխաներին՝ մյուս կողմում, քաղաքի հայ բնակիչներին տեղահանում են իրենց բնակավայրից: 

Այս լուսանկարում կարելի է նկատել հետաքրքիր դրվագներ. քարավանի աջ ու ձախ կողմերից քայլող զինվորները հարվածում են իրենց զոհերին: Թուրք սպան մայթին ձերբակալել է մի հայի, ով փորձում էր փախչել: 

Այս լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է ֆրանսիական «L'Illustration» թերթի 1916 թ. հուլիսի 29-ի համարում: 


Տրապիզոնի բնակչության տեղահանությունն սկսվեց 1915 թ. հուլիսի 1-ին, որի հրամանը տրվել էր դեռևս հունիսի 26-ին: Բռնագաղթի երթուղին նախապես որոշված էր՝ Գյումուշխանեից Մոսուլ: Տեղահանվածների մի մասը, հիմնականում՝ կանայք ու երեխաներ, ջրախեղդ արվեց Սև ծովում, իսկ մյուս մասն էլ սպանվեց բռնագաղթի ճանապարհին: Թուրքական իշխանությունների շուրջկալների ու մարդորսի՝ մեկ շաբաթ տևած գործողությունների հետևանքով Տրապիզոնի և շրջակա հայկական բնակավայրերի 14 հազար հայ բնակչությունից մնացել էր ընդամենը 100 հոգի, իսկ բռնագաղթյալներից ողջ մնացին միայն նրանք, ովքեր ստրկության էին վաճառվել քրդերին կամ արաբներին:

Տրապիզոնահայերի վերջին բեկորները լքեցին քաղաքը 1919-1920 թվականներինª հույների հանդեպ քեմալականների կատարած բռնությունների ժամանակ: 

« ... Մինչև հուլիսի 6-ը (երեքշաբթի) Տրապիզոնի մոտ 1000 հայկական տներ դատարկվեցին. բնակիչներին արտաքսեցին: Չէին էլ հարցնում, թե ով էր մեղավոր, ով էր անմեղ կառավարության դեմ սկսված շարժման մեջ: Հայ լինելը բավարար պատճառ էր, որ նրանց վերաբերվեին որպես հանցագործի և արտաքսեին»: 

Տրապիզոնում ԱՄՆ հյուպատոս
Օսկար Ս. Հեյզերի զեկույցը՝
դեսպան Հենրի Մորգենթաուին
հուլիսի 28, 1915 թ. 

աղբյուր` Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջ