image

Պոլսի պատրիարքական աթոռը 564 տարեկան է․ Հատուկ արարողություն՝ պատրիարքի գլխավորությամբ

Պոլսի պատրիարքական աթոռը 564 տարեկան է․ Հատուկ արարողություն՝ պատրիարքի գլխավորությամբ

Այսօր Ստամբուլում նշել են Պոլսի պատրիարքական աթոռի հիմնադրման 564-րդ տարեդարձը։ 

«Արեւելք»-ը Ստամբուլից տեղեկանում է, որ սռավոտյան պատրիարքանիստ Ս. Աստվածածին Մայր Տաճարում կատարվել է արարողություն, որին մասնակցել են Աթոռի միաբան հայրերը եւ քահանայից դասը՝ Պոլսի հայոց  Սահակ Բ Պատրիարքի առաջնորդությամբ եւ գլխավորությամբ։ 

Պոլսի պատրիարքությունը Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկն է՝ Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր կառույցը։ Հիմնադրվել է օսմանցի թուրքերի կողմից, Կոստանդնուպոլսի գրավումից քիչ անց՝ 1461 թվականին, սուլթան Մեհմեդ II-ի նախաձեռնությամբ։ Նախքան այդ, հայ եկեղեցական համայնքը Կոստանդնուպոլսում կազմակերպվել է 572 թվականին։

Հանդիսանալով հայերի բարձրագույն հոգեւոր մարմինը, ունենալով որոշակի առանձնաշնորհումներ հոգեւոր ոլորտում՝ Օսմանյան կայսրությունում պատրիարքությունը կատարել է խոշոր՝ դեր հայերի հասարակական, քաղաքական եւ մշակութային կյանքում, պաշտպանել հայերի շահերը թուրքական կառավարության մոտ։ Նորաստեղծ պատրիարքության առաջին հայրապետը Բուրսայից հրավիրված Հովակիմ եպիսկոպոսն էր։ Այդ ժամանակ կաթողիկոսական աթոռն արդեն իսկ տեղափոխվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (1441), իսկ մյուս երկու նվիրապետական աթոռները՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, գտնվում էին Օսմանյան կայսրության կողմից այդ պահին չվերահսկվող տարածքներում։

Հիշելով պատմական Աթոռի դերն ու կարեւորությունը՝ Պոլսի պատրիարք Սահակ արք․ Մաշալյանն այսօրվա արարողության ժամանակ ասել է, որ պատմությունը շարունակվում է, եւ Պատրիարքությունն այսօր էլ նույն ոգով ծառայում է մեր ժողովրդին՝ ուժ առնելով անցյալի արմատներից, որոնք խորն են նետված այդ երկրում։