«Արեւելք»-ի տեղեկություններով, երեկ երեկոյան Ստամբուլի Գնալը կղզում բազմահազարանոց հայ հանդիսատեսի առջեւ ելույթ է ունեցել երգիչ, երգահան, հումորիստ, «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն։
Հայաստանից Ստամբուլ ժամանած երգչի ելույթը թուրքահայության ավանդական «Նավասարդյան խաղեր» ամառային փառատոնի առթիվ էր․ նա ներկայացրել է սիրված երգեր, արժանացել բարձր ընդունելության։ Փառատոնի կազմակերպիչները հայտնում են, որ երգչին զարմացրել է կղզում հավաքված հայերի հայկական ոգին, հայերեն երգերի իմացությունը․ նրանք մինչեւ գիշեր երգչի հետ երգել եւ պարել են։
Ավանդական դարձած «Նավասարդյան խաղեր» փառատոնը համատեղում է սպորտն ու երաժշտությունը․ այս տարի եռօրյա փառատոնը բացվել է օգոստոսի 22-ին, այսօր ավարտվելու է՝ մարզական խաղերով, այլ միջոցառումներով եւ թուրք երգիչ Բենգյուի համերգով։
Գլխավոր լուսանկարը՝ «Լույս մեդիա»-ի․ Արամ MP3-ն՝ Ստամբուլ ժամանելուց հետո