Այսօր հայ մեծ գրող (բանաստեղծուհի եւ արձակագիր) հրապարակախօս, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկեանի մահուան 18-րդ տարելիցն է:
Զինք կը յորջորջէին Ամենայն հայոց բանաստեղծուհի, եւ այդ բնորոշումը պատահական չէր. Սիլվա Կապուտիկեանի ստեղծագործութիւնները նուիրուած են հայութեան, հայրենիքի, հայոց լեզուի եւ իր ժողովուրդի ճակատագիրին: Անոնք կ'ընթերցուէին ողջ հայութեան կողմէ՝ Հայաստանի եւ Սփիւռքի մէջ: Բանաստեղծուհիի ծննդեան յոբելեանները միշտ ալ շուքով տօնուած են Հայաստանի եւ Սփիւռքի մէջ, որոնց ներկայ կը գտնուէր նաեւ ինքը՝ յոբելեարը: Այդ յոբելեաններու առթիւ խօսքեր կը յղէր ինչպէս պարզ ընթերցողը, այնպէս ալ Կապուտիկեանի կեանքին եւ ստեղծագործութեան խորունկ կերպով ծանօթ անոր գրչընկերները տալով արժանի գնահատական հայ ժողովուրդի մեծ դստեր:
Սիլվա Կապուտիկեանի ծննդեան 75 ամեակի առթիւ արժէքաւոր հրապարակում մը ունի անոր ժամանակակիցը՝ Ստեփան ԱլաՃաճեան: Ալաճաճեան լաւագոյն ձեւով բնորոշած է Կապուտիկեանը, թէ՛ իբրեւ հասարակական գործիչ, որ նուիրուած էր իր ժողովուրդի հոգսին եւ ցաւին եւ թէ՛ իբրեւ գրող, որու գրականութիւնը, ինչպէս Ալաճաճեան բնորոշած է, Հայաստան աշխարհի գեղարուեստական պատկերն է: Սիլվա Կապուտիկեանի բնութագրումով. «Նա ոչ միայն տաղանդաւոր գրող է, ընկեր է, քաղաքացի է, որովհետեւ հայրենիքի բոլոր իրադարձութիւններն ապրում է, դրանք լինում են նրա մօտ կենսագրութիւն, ամենօրեայ պայքար եւ մաքառում, իր կեանքի միջով անցնող ճակատագիր, հերքումի եւ պատասխանի երեւոյթ, որոնք նրան դարձնում են անհատականութիւն»:
Ի յիշատակ երկրային կեանքին հրաժեշտ տուած երկու մեծերուն (որոնք կ'ապրին յաւերժութեան մէջ), կը ներկայացնենք Ստեփան Ալաճաճեանի մեծարանքի եւ գնահատանքի խօսքը՝ Կապուտիկեանի՝ Միացեալ Նահանգներ այցի առթիւ, ձօնուած անոր 75-ամեակին:
ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆԻՆ
«Նա բեմ բարձրացաւ առաջինը, անվեհեր, կանգնեց բոլորի դիմաց, ինչպէս իր երեխայի վրայ գուրգուրացող եւ երեխային առիւծի երախից պաշտպանող մայր, ու գոռաց. «Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է»:
Յարգելի հայրենակիցնե՛ր,
Սիրելի յոբելեա՛ր,
Թանկագին Սիլվա՛
Եկել եմ ողջունելու քեզ եւ վկայելու այս հանրութեան առջեւ, որ քո կեանքը եւ քո ստեղծած ամբողջ գրականութիւնը բուն իսկ կապն էր Հայաստան աշխարհի կեանքի եւ նրա իրականութեան հետ՝ իր մեջ կրելով հայրենասիրական ու քաղաքացիական աւիւնը:
Քո ստեղծագործութեան մէջ, արձակ թէ չափածոյ, ես տեսնում եմ Հայաստան աշխարհի գեղարուեստական պատկերը քո ապրումների, յոյզերի եւ մտքերի միջոցով, մեր ողբերգութիւնը, մեր մաքառումը, մեր գոյատեւման սխրանքը:
Եկել եմ վկայելու, որ մենք, մեր սերունդը գնահատել է քեզ ու գնահատում է մեր ժողովրդի ճակատագրի հանդէպ տածած քո բարձր պատասխանատուութիւնը, դրա զգացումը, դրա արտայայտումը:
Երկու տարի է մնում, որ մեր ծանօթութիւնը դառնայ յիսուն տարեկան:
1946 թուականի Գրողների Միութեան Երկրորդ համագումարին էր, հայրենադարձութեան առաջին տարին, հայրենադարձ չորս գրողներս՝ Գրիգոր Քէշիշեանը, Արամ Արմանը, Անդրանիկ Թերզեանը եւ ես, երկիւղածութեամբ ու սիրով մօտեցանք քեզ, այն հայ բանաստեղծուհուն կամ բանաստեղծ հայուհուն, որի՝ մէկ տարի առաջ լոյս տեսած ժողովածուի՝ «Օրերի հետ» գրքոյկի, շատ երգեր դեռ հնչում էին մեր սրտերում:
Այդ առաջին ծանօթութիւնը դարձաւ մի տեսակ ընկերութիւն, որ իրար սիրող գրողներն են ունենում, որը վերածւում է հարազատութեան, լցւում է ընտանիքների ջերմութեամբ, իսկ համատեղ աշխատանքում՝ համագործակցութեամբ:
Ահա այսպիսի մտերմութեան իրաւունքով եկել եմ այս հանրութեան ասելու, հենց այստե՛ղ, որ իմ հարսանեաց հանդէսից մինչեւ այսօր, մնացել ես ինձ համար նա, որ իր ազգի գոյատեւման հարցերում միշտ քայլել է առջեւից:
Ես քեզ տեսել եմ 1965 թուականի Ապրիլեան մեծ երթի առջեւի շարքում, երբ հարիւր հազարներով, երիտասարդ թէ պատանի, կոմսոմոլ թէ պիոներ, չափահաս թէ ծերունի, շարժւում էին դէպի Կոմիտասի դամբանը:
Ես քեզ տեսել եմ հայրենիքից դուրս՝ օտար հանրապետութիւններում, ուր շեշտում էիր, թէ երկրների դէմքը չի որոշւում զօրքի ու զէնքի թուով, այլ մշակոյթի մակարդակով, մարդու նկատմամբ եղած յարգանքով, ազգային բարոյականութեամբ:
Ես քեզ տեսել եմ ուսանողութեան եւ աշխատաւորութեան հետ ունեցած քո հանդիպումներին եւ ունկնդրել եմ, թէ ինչպիսի ոգեւորութեամբ նրանց մէջ արթնացնում էիր ազնիւ ըմբռնումներ գեղեցիկի ու վեհի, հերոսականի ու ողբերգականի, չարու եւ բարու, վատի ու լաւի մասին:
Ահա թէ ինչու համարձակուեցի գալ ու վկայել, որ հայ մտաւորականութեան մեծամասնութիւնը ճիշդ էր հասկանում քեզ, երբ դու գոչում էիր թէ համայն սփիւռքի եւ կամ նրա որեւէ հատուածի յարատեւման հարցն ամբողջապէս կախում ունի այն բանից, թէ որքանո՛վ է կապուած մայր հայրենիքի հետ, հայ եկեղեցու, հայ դպրոցի եւ արտասահմանի միւս երկրների հայազգի համայնքների հետ՝ իրենց մշակութային, հայրենակցական, մարզական ու բարեգործական միութիւններով: Եւ այդպէս էլ քո «Խճանկարներ»-ի եւ «Քարաւաններ»-ի միտք բանին համարում էին այն, որ հայ ժողովրդի բնակավայրերի տարբերութիւնը կարելի է յաղթահարել հայրենիքի, եկեղեցու, դպրոցի ու մշակոյթի միասնականութեան յարատեւութեամբ:
Տեսել եմ քեզ նաեւ մտահոգ պահերիդ ու հասկացել քեզ, ինչպէս կրտսեր եղբայրն է հասկանում աւագ քրոջը:
Ես քեզ տեսել եմ եօթանասունական թուականների մեր մտաւորականութեան Ծաղկաձորեան հաւաքներում, այդ հաւաքները ղեկավարելիս, հաւաքներ, որոնց մասնակիցներից ստեղծուեց Ղարաբաղեան Կոմիտէն եւ որի մասնակիցներից ոմանք Հայաստանի այսօրուայ հանրապետութեան ղեկավարներն են եւ ոմանք՝ ընդդիմութեան շարքում:
Տառապանք է, երբ սիրում ես ու չես հասկացւում: Դա վերաբերում է ոչ միայն անհատին, այլ նաեւ ժողովուրդներին: Տառապանք է, երբ սպասում ես ու սպասածդ չի գալիս, դա վերաբերում է ոչ միայն սիրելիներիդ ու բախտաւորութեան, այլեւ ազատութեանն ու անկախութեանը:
Տառապանք է, երբ ինքդ յիշում ես շատերին ու շատ դէպքեր, եւ չես յիշւում: Դա վերաբերում է ոչ միայն ընկերական գործունէութեան միջավայրին, այլեւ պատմութեան անցքերին, ճշմարիտ իրադարձութիւններին:
Ու ես եկայ այսօր այս հանրութեան առաջ յիշեցնելու բազում-բազում իրադարձութիւններից միայն մէկը, որ յաղթանակ բերեց, մի հայուհու յաղթանակը, որ գիտէր շարժման առջեւից քայլել: Դա ազգայնօրէն կենսական, պետականօրէն հիմնական ու որոշիչ իրադարձութիւնն էր, որ վերաբերում էր հանրապետութեան գոյութեան սիւներից մէկին:
Խորհրդային երկիրը չորս սահմանադրութիւն է ունեցել: Պրեժնեւը ներկայացրել է չորրորդը՝ 1977-ին, որ կոչուեց՝ «Զարգացած Սոցիալիստական հասարակարգի սահմանադրութիւն»:
Դա զարգացած սոցիալիստական հասարակարգի սահմանադրութեան համար դիմազրկութիւն չէ՞ր. խայտառակութիւն չէ՞ր ի լուր աշխարհի:
Մեզ համար գրուած, բայց Մոսկուայում հիւսուած ու ձեւաւորուած այս սահմանադրութիւնը քննարկման դրուեց նաեւ Հայաստանի Գրողների միութեան կուսակցական դռնբաց եւ ընդհանուր ժողովում: Լեցուն էր դահլիճը, բայց չէին եկել նրանք, ովքեր միշտ ժողովրդասէր, հայրենասէր, ազգասէր էին հռչակում իրենք-իրենց. եւ հեղինակաւոր գրողներ էին, բայց չէին եկել բողոքելու, իրենց ձայնը բարձրացնելու ընդդէմ այդ անարդարութեան, որ համազօր էր սպիտակ եղեռնի: Չեմ վարանում ասելու, որ չէին եկել՝ վախից: Մի զարմացեք, եթէ ասեմ, որ այդ վախկոտ, ողորմելի մարդիկ, գրողի կոչումով մարդիկ, այսօր իրենք իրենց յայտարարում են ազատասիրութեան ռահվիրաներ՝ ի մեծ ամօթ մեր պատմութեան:
Գրողների Միութեան լեցուն դահլիճի քարացած, սառցէ լռութիւնը փշրեց Սիլվան: Նա բեմ բարձրացաւ առաջինը, խիզախ, անվեհեր, կանգնեց բոլորի դիմաց, ինչպէս իր երեխայի վրայ գուրգուրացող եւ երեխային առիւծի երախից պաշտպանող մայր, ու գոռաց.
-Հայաստանի հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է: Այս տողը պէտք է գրուի Սահմանադրութեան առաջին էջի վրայ, առաջին յօդուածների շարքում: Աղմկեց դահլիճը, ծափահարեց:
Աղմկեց հզօր ձայնով եւ այդ ձայնը շեփորուած դուրս հնչեց շէնքի պատերից, հասաւ Ակադեմիա, հասաւ համալսարանական ուսանողութեան, հասաւ բոլոր բարձրագոյն հաստատութիւններն ու կէս գիշեր չեղած, Հայաստանի ողջ ազգաբնակչութիւնը մէկ մարդու պէս Սիլվայի ձայնով ու Սիլվայի պէս պահանջեց.
-Հայաստանի պետական լեզուն հայերէնն է:
Ահա նա, այդ Սիլվան, այսօր մեր մէջ, մեզ հետ է:
Բարի գալուստ քեզ եւ հազար ողջոյն իմ եւ իմ ընտանիքի հարազատ քոյր: Եկայ վկայելու քո մեծարանքի արժանաւորութիւնը: Քեզ նո՛ր ներշնչանքներ, քեզ քաջառողջութիւն:
«Նոր Օր», Ապրիլ 23, 1994 Կլենտէյլ, Կալիֆորնիա