Իմ կարծիքով, նոր Սահմանադրութեան մէջ պէտք չէ յղում ըլլայ Անկախութեան հռչակագրին, այդ իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին ԱԺ-ի մէջ լրագրողներու հետ զրոյցին ըսած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով հարցին՝ Նոր Սահամանադրութեամբ պէ՞տք է պահպանուի յղումն անկախութեան հռչակագրին:
«Ուսումնասիրելով անկախութեան հռչակագրի տեքստը, նորից կարդալով այն՝ ես ասել եմ՝ իմ կարծիքով, այդ տեքստը նրա մասին է՝ Հայաստանի անկախ պետութիւն չի կարող լինել: Եթէ սա ասում եմ, հետեւաբար չեմ կարող ասել՝ նոր Սահմանադրութեան տեքստում պէտք է լինի յղում Անկախութեան հռչակագրին: Ընդհակառակը, ես կարող եմ ասել՝ իմ կարծիքով՝ նոր Սահամանդրութեան տեքստում չպէտք է լինի յղում Անակախութեան հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է, իսկ կողմ եւ դէմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»,- յայտարարած է ան:
Ան նշած է, որ սահմանադրական փոփոխութիւնները նախաձեռնուած են դեռ 2018 թուականէն, եւ իր կարծիքով ատոնք անհրաժեշտ են, քանի որ ՀՀ իրաւակարգի եւ ՀՀ քաղաքացիներու միջեւ առկայ է օրկանական կապի խզում:
«Հիմնական խնդիրը, որ տեսնում եմ ՀՀ իրաւակարգի եւ ՀՀ քաղաքացիների միջեւ, օրգանական կապի խզում ունենք մենք: Ես մտածել եմ դրա մասին, թէ որն է պատճառը: Իրաւակարգը, որ բխում է Սահմանադրութիւնից, կտրուած է ժողովրդից մի պատճառով, սահմանադրական բոլոր հանրաքուէները ժողովրդի անհրաժեշտ թուով ձայներ չեն ստացել: Հանրաքուէների արդիւնքները մանիպուլացուել կամ կեղծուել են»,-ըսած է ան: