image

Նոբելյան հայ մրցանակակրի ծնողները փոխադրվել են Տարեցների տուն

Նոբելյան հայ մրցանակակրի ծնողները փոխադրվել են Տարեցների տուն

2021 թվականի բժշկության ոլորտի մրցանակակրի՝ Արտեմ Փաթափությանի ծնողները՝ գրող Սարգիս Փաթափությանը (Սարգիս Վահագն) եւ նրա կինը, փոխադրվել են ԱՄՆ-ի  «Արարատ» տարեցների տուն: Որոշումը կայացրել են իրենք՝ 95-ամյա Սարգիս Վահագնը ու  կինը:

Գրողն իրենց բնակավայրի փոփոխության լուրը հայտնել է Ֆեսյբուքում, գրելով, որ տարիների բեռն է ստիպել իրենց ապաստանելու խնամքի այդ կենտրոնում.  «Մտահոգվելու կարիք չկա. սքանչելի հանգստավայր է՝ կենցաղային բոլոր շնորհներով օժտված»,-հայտնել է Սարգիս Վահագնը: Նա իր ծանոթներին տեղեկացրել է նաեւ, թե ԱՄՆ-ի հայկական տարեցների այդ տան ո՛ր սենյակում են ապրելու իրենք (204), նշել է իր հեռախոսի նոր համարները եւ մեյլը: 

«Արարատ տունը» հիմնվել է մոտ 70 տարի առաջ՝ նպատակ ունենալով խնամք եւ բժշկական ծառայություններ տրամադրել կարիք ունեցող հայ ծերերի: Նպատակներից մեկն էլ նրանց համար հայկական միջավայրում ընտանեկան մթնոլորտ ապահովելն է եղել: Այժմ տարեցների տունը  Լոս Անջելեսում մի քանի մասնաճյուղ ունի, որոնցում հայ տարեց բնակիչների համար ստեղծված են լավագույն պայմանները:

 


Սարգիս Վահագնը գրող, թարգմանիչ, խմբագիր, թատերագիր եւ վիպագիր է: 

Ավարտել է Բեյրութի ֆրանսիական լիցեյը՝ առեւտրի եւ հաշվապահության գծով։ Ստեղծագործել սկսել է պատանի տարիքից: 1987 թ.-ից բնակվում եւ ստեղծագործում է Լոս Անջելեսում: Բազմաթիվ գրքերի հեղինակ է:

Այս տարի Երեւանում լույս տեսավ նրա «Արշիլ Գորկի» վեպը, որի համար գրողն արժանացել է ՀՀ-ի Թեքեյան Մշակութային Միության գրական եւ «Հայկաշեն Ուզունյան» մրցանակներին։ Նա ունի երկու որդի, որոնք բնակվում են Սան Դիեգոյում: