«Ակոս», Իզմիր-Ապրիլի 22-ին Իզմիրում գործող «Ժողովրդական կամուրջ» ասոցիացիան հանդիսավորությամբ բացել է «Ակոս» թերթի հիմնադիր, սպանված հրապարակախոս Հրանտ Դինքի հուշարձանը։ Քանդակագործ Չաղդաշ Էրչելիքի հեղինակած աշխատանքը տեղադրվել է ասոցիացիայի դահլիճում։
Բացման արարողության ժամանակ ծավալուն ելույթ է ունեցել հիմնադիր նախագահ Ջեմ Թերզին։ Նա ընդգծել է, որ արձանները հաճախ հանդիսանում են գերիշխող ռեժիմների քաղաքականության արտացոլումը։
Թերզին իր խոսքում նշել է, որ Դինքը սովորական լրագրող չէր, այլ այն եզակի մարդկանցից, ովքեր համարձակվում էին խոսել ամենադժվար թեմաների մասին՝ առանց ատելության, բայց բացառիկ պարզությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել «Ժողովրդական կամուրջ» ասոցիացիայի նախագահ Նուրայ Փեհլիվանը, Իզմիրի լրագրողների ասոցիացիայի նախագահ Դիլեք Գապին, «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Քանդակագործ Չաղդաշ Էրչելիքը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ Նրա հայտնի գործերից է՝ Բուրգազադա կղզում տեղադրված գրող Սաիթ Ֆաիկ Աբասըյանըքի քանդակը։ 2007 թվականին նա նաեւ արժանացել է Քեմալ Թյուրկերի հուշարձանի մրցույթի գլխավոր մրցանակին։