2026 թվականը հայ մշակութային եւ հոգեւոր կյանքի համար ունի առանձնահատուկ խորհուրդ․ լրանում է Մխիթար Սեբաստացու՝ հայ մեծանուն հոգեւորականի, գիտնականի, բանաստեղծի եւ Մխիթարյան միաբանության հիմնադրի ծննդյան 350-ամյակը։ Այս հոբելյանը ոչ միայն հիշողության տուրք է, այլ նաեւ հնարավորություն՝ վերարժեւորելու նրա թողած ժառանգությունն ու դրա արդիականությունը մեր օրերում։
Հոբելյանական տարվա շրջանակում Երեւանի քաղաքային իշխանությունները եւս միացել են հիշատակի եւ գնահատանքի այս գործընթացին։ Երեւանի ավագանին, առաջնորդվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության սահմանած կարգով, որոշում է կայացրել Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցն անվանակոչել Մխիթար Սեբաստացու անունով։ Նշված փողոցը, որը զուգահեռ է թաղամասի առաջին փողոցին, այսուհետ կկրի այն մարդու անունը, որի գործունեությունը դարեր շարունակ լուսավորել է հայ մտավոր դաշտը։
Փողոցի անվանակոչումը խորհրդանշական քայլ է․ այն քաղաքային տարածքում ամրագրում է մի անուն, ով իր ժամանակից առաջ էր մտածում՝ ձգտելով համադրել ազգային ինքնությունը եվրոպական գիտական մտքի հետ եւ ստեղծել կրթական ու մշակութային նոր հորիզոններ։
Սեբաստացու 350-ամյակն ընդգրկված է նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2026 թվականի հոբելյանական ծրագրերում, ինչն ընդգծում է նրա ժառանգության պետական մակարդակով արժեւորումը։ Տարվա ընթացքում իրականացվել են մի շարք նշանակալի նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն հիշեցնել նրա մասին, կենդանի պահել Մխիթար Սեբաստացու անունը։
ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» խորագրով արծաթե հուշադրամ, որը խորհրդանշական կերպով միավորում է պատմական հիշողությունն ու մշակութային ինքնությունը։

Երաժշտական կյանքում նույնպես արձագանք է գտել համահայկական այս հոբելյանը․ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը եւ Մխիթար Սեբաստացու անունը կրող կրթական հաստատության «Սեբաստիա» համերգասրահում անցկացվել են տոնական համերգներ։ Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել են Մաշտոցի, Շնորհալու եւ Նարեկացու ստեղծագործությունները՝ ընդգծելով այն հոգեւոր-մշակութային շղթան, որի շարունակողներից էր նաեւ Սեբաստացին։

Հոբելյանական միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ ունի նաեւ Հայաստանի ազգային գրադարանում բացված ցուցահանդեսը, որը նվիրված է թե՛ Սեբաստացու 350-ամյակին, թե՛ Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 325-ամյակին։ Այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս վերարժեւորելու այն գիտական եւ գրական հսկայական ժառանգությունը, որը ձեւավորվել է Մխիթարյանների գործունեության շնորհիվ եւ մինչ օրս մնում է հայագիտության հիմնասյուներից մեկը։

Մխիթար Սեբաստացու կերպարը հայ իրականության մեջ վաղուց դուրս է եկել սոսկ պատմական կերպարի սահմաններից։ Նա խորհրդանիշ է լուսավորության, կրթության եւ ազգային ինքնագիտակցության վերածննդի։ Նրա հիմնած միաբանությունը դարեր շարունակ եղել է հայ մտքի պահպանման եւ զարգացման կարեւոր կենտրոն՝ նպաստելով լեզվի, գրականության, պատմագիտության եւ թարգմանական արվեստի ծաղկմանը։
Այս համատեքստում Երեւանում նրա անունով փողոցի անվանակոչումը արժեհամակարգային ուղերձ է։ Այն հիշեցում է, որ քաղաքը ոչ միայն տարածք է, այլ նաեւ հիշողության կրող, որտեղ յուրաքանչյուր անուն պատմություն ունի եւ փոխանցում է գաղափարներ սերունդներին։