image

Մահացել է Արցախի պետական օրհներգի հեղինակը՝ հայտնի բանաստեղծ Վարդան Հակոբյանը

Մահացել է Արցախի պետական օրհներգի հեղինակը՝ հայտնի բանաստեղծ Վարդան Հակոբյանը

Արցախից տեղեկանում ենք, որ մահացել է  բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,  Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակ Վարդան Հակոբյանը: 

Վարդան Հակոբյանը (իսկական անունը՝ Սլավիկ), ծնվել է 1948 թվականին՝ Հադրութի շրջանի Արփագետիկ գյուղում: Նրան Վարդան անունով է կնքել Հովհաննես Շիրազը: 

Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի թիվ 152 եւ հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում: Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկան հասակից: Դպրոցական տարիներին զբաղվել է նաեւ գեղանկարչությամբ: «Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում ստացել է առաջին մրցանակ: 1969թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը եւ աշխատանքի անցել Ստեփանակերտում` «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, այնուհետեւ` խմբագրի տեղակալ: 1983թ-ից աշխատում է Արցախի գրողների միությունում` որպես կազմակերպության ղեկավար: Վարդան անունը կնքել է Հովհաննես Շիրազը: Հիմնադրել եւ խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս» «Պըլը Պուղի» «Հարություն» «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը: Հեղինակել է բանաստեղծական, գրականագիտական եւ մշակութաբանական բազմաթիվ ժողովածուներ, ստեղծագործությունները տպագրվել են Երեւանում, Ստեփանակերտում, Մոսկվայում եւ Բաքվում: Հեղինակել է մի շարք պիեսներ` «Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» եւ այլն, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի պետական եւ ժողովրդական թատրոններում: Ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն եւ այլ լեզուներով:

1998թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1998թ-ից՝ պրոֆեսոր): Արժանացել է ՀԳՄ «Գրական թերթի», Ա.Իսահակայանի անվան, ՀՀ նախագահի, ինչպես նաեւ համահայկական «Վահագն» մրցանակների: 1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Պարգեւատրվել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն` Արցախի քաջորդիներին», Ֆ.Նանսենի, Գարեգին Նժդեհի, Մ.Շոլոխովի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2005թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: