image
Հրատապ լուրեր:

Կառավարութեան համար նստացոյցը «լաւ բան մը» չէ ...

 Կառավարութեան համար նստացոյցը «լաւ բան մը» չէ ...
Վարչապետի մամուլի խօսնակ Մանէ Գէորգեանն անդրադարձած է կառավարութեան շէնքի դիմաց Խծաբերդի մէջ գերեվարուած շիրակցի զինուորներու հարազատներու նստացոյցին եւ պատասխանած հարցին՝ արդեօք վարչապետը կը պատրաստուի՞ ընդունիլ անոնց: Մանէ Գէորգեանը պատասխանած է «Արմէնփրէս»-ի հարցին․
 
Հարց- Խծաբերդում գերեվարուած շիրակցի զինուորների հարազատները կառավարութեան դիմաց նստացոյց են յայտարարել եւ հանդիպում են պահանջում վարչապետից: Արդեօ՞ք վարչապետը պատրաստուում է ընդունել նրանց:
 
Պատասխան - Վարչապետը Խծաբերդում գերեվարուած զինուորների հարազատների հետ վերջին 9 ամիսներին հանդիպել է 9 անգամ, այդ թուում՝ երկու անգամ Շիրակի մարզում: Նման վերջին հանդիպումը տեղի է ունեցել Յուլիսի 23-ին: Վարչապետը գերեվարուածների հարազատների հետ վերջին 9 ամսում տասնեակ հանդիպումներ է ունեցել: Ընդ որում, եղել են հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել առանց ժամային սահմանափակումների:
 
Վարչապետը բոլոր այդ հանդիպումներում գերեվարուած զինուորների հարազատներին ներկայացրել է առկայ ողջ տեղեկատուութիւնը եւ ասել, որ մշտապէս պատրաստ է նրանց հետ կիսել տեղեկատուութիւնը, այդ թուում՝ հանդիպումների միջոցով:
 
Գերեվարուածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարաւորութիւն ունեն եւ դրա համար առկայ է կոնկրետ մեխանիզմ: Այս պայմաններում նստացոյցի միջոցով վարչապետից հանդիպում պահանջելու գործելակերպը տարակուսանքի տեղիք է տալիս որքան էլ մեր գերեվարուած զինուորների հարազատների վիճակը հասկանալի է:
 
Հարկ է նշել, որ Խծաբերդում գերեվարուածների հարազատները բազմիցս հանդիպումներ են ունեցել նաեւ ԱԱԾ տնօրէնի, Շիրակի մարզպետի հետ:
 
Վերջին 9 ամիսներին Խծաբերդում գերեվարուած 24 զինուորներ վերադարձուել են հայրենիք: Նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստան է վերադարձուել 104 գերեվարուած անձ: Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը դատապարտում է հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահուող անձանց շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու Ատրպէյճանի գործելակերպը եւ շարունակում է մեր գերեվարուած հայրենակիցների վերադարձի ուղղութեամբ ջանքեր գործադրել: