Ալթադենայի մեքենաների առքուվաճառքով զբաղվող միակ կենտրոնի՝ Altadena Auto Center-ի բոլոր մեքենաները հրդեհից այրվել են։
Դեպքի մասին «Արեւելք»ը տեղեկացավ www.gofundme.com հարթակից, որտեղ դրամահավաք է կատարվում՝ օգնելու ձեռնարկատիրության հայ տիրոջը՝ Էդուարդ Օհանյանին, որ մեկ օրում կորցրել է իր բիզնեսը։
Նա մոտ տասը տարի առաջ է մեքենաների առքուվաճառքի գործը հիմնել Ալթադենայում, որը շրջանի՝ մեքենաներ վաճառող միակ կենտրոնն էր։ Այրվել են նաեւ Էդուարդ Օհանյանի անձնական մեքենաներն ու գրասենյակները, ընդհանուր՝ 55 մեքենա։
Օհանյանն իրանահայ է, որ ԱՄՆ է տեղափոխվել ընտանիքով՝ բնակվելու եւ աշխատելու համար եւ ունենալով մեքենաների հանդեպ մեծ սեր, սկսել է զբաղվել նրանց առքուվաճառքով, վաճառելով ինչպես նոր, այնպես էլ՝ հնագույն (հավաքածուների) մեքենաներ։
Տեղեկացանք, որ նա չի հասցրել ապահովագրություն ունենալ եւ կրել է կես միլիոն դոլարից ավելի վնաս։