«Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Վայոց ձոր կատարուող մարզային այցի ճանապարհին կանգ առած է Տիգրանաշէն: Դիմատետրեան ուղիղ եթերով ան ըսած է, որ Իշխանութիւնը հաւանաբար ներքին համաձայնութեամբ անընդհատ հրապարակի վրայ պահէ հարցը, որ օր մը սեղանին դրուի նաեւ այս տարածքը յանձնելը:
«Մենք շարունակաբար գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի (դաշինք) կողմից առաջ քաշուող եւ անընդհատ չաւարտուող նախապայմանների հետ, որոնց շարքում են ՀՀ Սահմանադրութեան փոփոխումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որը զբաղւում է բանակցային գործընթացներով, ինչպէս նաեւ «Զանգեզուրի միջանցքի» յանձնումը: Այլեւս ակնյայտ է, որ սահմանազատում եւ սահմանագծում գոյութիւն չունի, գոյութիւն ունի հայրենազատում նեռի իշխանութեան կողմից»,- ըսած է սրբազանը:
Սրբազանի խօսքով՝ Տիգրանաշէնի յանձնումն աղէտալի հետեւանքներ պիտի բերէ:
«Մենք նաեւ ականատեսն ենք լինում Ադրբեջանի յոխորտանքներին, ինչը նշանակում է, որ այս նեռի իշխանութիւնը, բացի նրանից, որ մեծագոյն աղէտն է բերել այս երկրի վրայ, այդուհանդերձ նոր ագրեսիայի (յարձակողական) նախապատրաստութիւն է տեղի ունենում, եւ Ադրբեջանի այս վերջին յայտարարութիւնն էլ դրա օրինակն է: Յոխորտանք ԱՄՆ-ին, Ֆրանսային, ԵՄ-ին, սա խօսում է նրա մասին, որ բացի աւեր ու կոտորած բերելուց այս իշխանութիւնը որեւէ այլ բանի ընդունակ չէ»,- ըսած է ան: