image

Հայկոյի երաժշտությունը՝ թուրքական նշանավոր սերիալում

Հայկոյի երաժշտությունը՝ թուրքական նշանավոր սերիալում

Թուրքական Star TV  հեռուստաընկերությամբ 2017-2019 թվականներին ցուցադրված «Ստամբուլի հարսը» հեռուստասերիալը O3 Media Group  մուլտիմեդիա բովանդակություն ստեղծող եւ տարածող միջազգային ընկերության արտադրությամբ  ռուսերեն է թարգմանվել եւ այժմ հեռարձակվում է  Стамбульская невеста - İstanbullu Gelin YouTube-յան ալիքով:

Կինոնկարի ռուսերեն թարգմանությունը բազմահազար դիտումներ է ապահովում ժամանակին մեծ տարածում գտած թուրքական այս սերիալի համար, որն իրական պատմության վրա հիմնված դրամա է՝ անսպասելի զարգացումներով եւ դերասանական վառ խաղով:

Ֆիլմը հարուստ է երաժշտությամբ, հնչում են տարբեր կոմպոզիտորների գրած երաժշտություններից պատառիկներ,  որոնցից մեկն էլ հայ վաղամեռիկ երգիչ, երաժշտահան Հայկոյի (Հայկ Հակոբյանի) երաժշտությունից մի հատված է՝ գրված «Խաչագողի հիշատարականը» ֆիլմի համար (2009 թվական):  

Հեռուստասերիալի գլխավոր դերերում նկարահանվել են թուրքական երաժշտության աստղ, քրդական արմատներով հայտնի դերասան Օզջան Դենիզը, անգլիական ծագումով թուրք երգչուհի, դերասանուհի Ասլը Էնվերը, թատրոնի, կինոյի դերասանուհի, թարգմանչուհի Իփեկ Բիլգինը եւ այլ հայտնիներ: 

«Ստամբուլի հարսը» ֆիլմում հնչում են նաեւ երգեր, որոնց մի մասը կատարում է գլխավոր հերոսուհին՝ Սյուրեյան: Նա աղքատ ու տաղանդավոր երգչուհի է, որ նաեւ ջութակ է նվագում երեկոյան ակումբներում: Բորան հարուստ ընտանիքի ավագ որդու՝ Ֆարուքի հետ նրա պատահական հանդիպումը ճակատագրական է դառնում թե՛ երգչուհու, թե՛ 400 տարվա պատմություն ունեցող Բորան ընտանիքի համար: Վառ նկարագրով օժտված Սյուրեյան անցնում է բազում դժվարությունների միջով, բայց երբեք չի կորցնում իր ներաշխարհի գույներն ու սերը: 

Սերիալը նկարահանվել է թուրք գրող, հոգեթերապեւտ եւ հեռուստահաղորդավար Գյուլսերեն Բուդայիջօղլու «Վերադարձ դեպի կյանք» գրքի հիման վրա: Գրողը գիրքը գրել է՝ ներշնչվելով թուրքական «Սպիտակ թիթեռներ» խմբի գեղեցկուհի երգչուհու՝ Ուլքյու Ուստի եւ երիտասարդ գործարար Ալի Սարփքանի՝ 1975 թվական թվականին ունեցած սիրո պատմությունից, որը հայտնի էր ողջ Թուրքիայում:

Սերիալի դեպքերը ծավալվում են Բուրսայում, Ուլուդակում, Ստամբուլում, Պրագայում եւ այլ վայրերում: Սերիալում կան նաեւ հայերի կերպարներ՝ վարպետ Արամն ու վարպետ Գրիգորը, որոնց ոսկերչական ծառայություններից օգտվում են սերիալի հերոսները: 

2018 թվականին սերիալը երաժշտության համար ստացել է ամերիկյան «Գրեմմի»: 

Նույն թվականին հեռուստասերիալը մի քանի անվանակարգերում մրցանակներ է շահել նաեւ  «Ոսկե թիթեռ» թուրքական երաժշտության եւ հեռուստատեսության մրցանակաբաշխությանը:

Սերիալի ցուցադրությունից հետո  գլխավոր դերասանները շրջել են արաբական երկրներով (որտեղ Թուրքիայից հետո սերիալն ունեցել է ամենաշատ դիտումները), Իսրայելով եւ այլ երկրներով, հանդիպել երկրպագուների հետ: 

 

Գլխավոր դերակատարներ Ասլը Էնվերն ու Օզջան Դենիզը