image

Մահացել է թուրքական կինոյի եւ թատրոնի հայ դերասանուհի Անտա Թորոսը

Մահացել է թուրքական կինոյի եւ թատրոնի հայ դերասանուհի Անտա Թորոսը

Բոդրումում 77 տարեկանում մահացել է թուրքական կինոյի եւ թատրոնի հայ աստղ Անտա Թորոսը՝ Անթառամ Քեշիշյան-Թորոսյանը։

ԶԼՄ-ները հաղորդում են, որ նա մեծ ներդրում է ունեցել թուրքական ժամանակակից թատրոնում եւ կինոյում՝ սկսելով իր քայլերը սիրողական թատրոնից եւ հասնելով մինչեւ պրոֆեսիոնալ դերասանուհու փառքի։

Չնայած Անտա Թորոսը խաղացել է հիմնականում բացասական դերեր, սակայն նշվում է, որ սիրված է եղել հանդիսատեսի կողմից, իսկ դերասանուհին մի առիթով նշել է, որ այդ դերերն իրեն բաժին էին հասնում իր արտաքին տվյալների եւ դեմքի կոպիտ արտահայտության համար, եւ բոլոր դերերը խաղում էր սիրով։ 

Անտա Թորոսը ծնվել է 1948 թվականին՝ Ստամբուլում` Գաբրիել Քեշիշյանի ընտանիքում։  Նա հորը կորցրել է փոքր տարիքում։ Ավարտել է Սեն Բենուա ֆրանսիական ավագ դպրոցը, իսկ ավելի ուշ շարունակել է ուսումը Լոզանի Մոնկալմի ինստիտուտում։ 

Թորոսը սիրողական թատրոն է մուտք գործել 1965 թվականին։ «Դոստլար» թատրոնում սովորելուց հետո, նա իր մասնագիտական ​​կարիերան սկսել է 1971 թվականին՝ Գյուլրիզ Սուրուրի-Էնգին Ջեզզար թատրոնում։ Խաղաղել է «Ալի Պոյրազօղլու», «Նիսա Սերեզլի-Տոլգա Աշքիներ» եւ այլ թատրոններում, թատերական ուսումը շարունակել է նաեւ Միացյալ Նահանգներում, որից հետո նկարահանվել է թուրքական ֆիլմերում։

Նա ամուսնացած էր Միսաք Թորոսի հետ, որ նույնպես թատրոնի դերասան եւ ռեժիսոր էր, մահացել է 2010 թվականին։ Այս ամուսնությունից նրանք ունեն դուստր։