Հայաստանում անցկացվել է Մարիամի Լեգեոնի տարեկան գլխավոր միջոցառումը` Սուրբ Կույսին ծառայելու խոստումը, տեղեկանում ենք Հայ Կաթողիկե առաջնորդության դիվանից։
Միջոցառումը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության մատռան մեջ։
Սուրբ Կույսին ծառայելու խոստման միջոցառմանը մասնակցել են Հայաստանում գործող 7 լեգեոնական խմբերը, որոնցից չորսը գործում են Աշոցքի հայ կաթողիկե համայնքներում, երկուսը Երեւանում, մեկը՝ Սպիտակում։
Բացման եւ Վարդարանի աղոթքներից հետո բոլոր լեգեոնականները մեկ-մեկ մոտեցել են Աստվածամոր արձանիկին եւ Լեգեոնի դրոժին եւ հանդիսավորապես երդվել ծառայել Տիրամորը` հետեւյալ խոսքերով. «Ես ամբողջովին քոնն եմ, եւ այն ամենն, ինչ որ ունեմ, քոնն է, Թագուհի իմ եւ Մայր իմ»։
Սուրբ Պատարագը մատուցել է Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանը։
«Մարիամի Լեգեոնը» Կաթողիկե Եկեղեցու աշխարհական հավատացյալների միջազգային շարժում է, որն աշխարհում ավելի քան 14 միլիոն ակտիվ եւ օժանդակ անդամ ունի:
Կան կետեր, որոնք ընդհանուր են աշխարհի բոլոր լեգեոնականների համար.
1. Աշխատանք հոգեւոր կյանքում տկար հավատացյալների հետ, որպեսզի առավել աճեն հավատքի մեջ, սա կարելի է անվանել նաև վերա-ավետարանում,
2. Ավետարանի քարոզչություն՝ անհավատներին կամ անտարբերներին,
3. Մխիթարություն հիվանդներին, վշտացյալներին, դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, ընդհանուր խոսքով՝ հոգեւոր եւ մարդկային աջակցություն բոլոր տեսակի կարիքավոր անձանց՝ բացառելով ուղղակի նյութական աջակցությունը,
4. Աշխատանք հարբեցողների, անտունների, թմրամոլների, փողոցային կանանց հետ՝ նրանց արատավոր կյանքից փրկելու նպատակով,
5. Երիտասարդական հոգեւոր նախաձեռնությունների զարգացում,
6. Սուրբ Գրքի ուսումնասիրություն,
7. Աղոթական կյանքի զարգացում,
8. Պայքար աղանդավորության դեմ։
9. Մարիամի հանդեպ ջերմեռանդության, Վարդարանի աղոթքի տարածում եւ այլն: