Դասական երաժշտության առաջատար լուրերի The Violin Channel (VC) կայքէջից տեղեկանում ենք, որ Հելսինկիում հայտարարվել են 2015 թ.-ի Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած վեց հոգու անունները, որոնց մեջ է նաև հայ տաղանդավոր ջութակահար Էմանուել Ճգնավորյանը:
Միջազգային հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու դեկտեմբեր 1-ին եւ 3-ին, առաջին մրցանակակիրը, ինչպես տեղեկացնում է կայքը, ստանալու է 28,000 $ և մի շարք կարեւոր միջազգային համերգների մասնակցության հնարավորություն, որոնցից մեկն էլ ելույթն ու ձայնագրությունն է Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Նշենք նաև, որ Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթի նախորդ տարիների 9 առաջին մրցանակակիրների մեջ է եղել տաղանդավոր հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
Violin Channel-ը, որպես մրցույթի պաշտոնական գործընկեր, այս տարի ուղիղ եթերով Հելսինկիի երաժշտական կենտրոնից հեռարձակելու է Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթը:
Էմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995 թվականին` Վիեննայում, դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է: